Search
Close this search box.

Զոհվածների ընտանիքում այս տարի 20 երեխա է ծնվել

Արտամարմնային բեղմնավորման ծրագրի արդյունքներով 6 ամսվա ընթացքում ծնվել է 44 երեխա։ Այս մասին «Անպտղության հաղթահարում. Պատերազմում զավակ կորցրած մայրերի արտամարմնային բեղմնավորման ծրագրի արդյունքները» թեմայով ասուլիսի ժամանակ տեղեկացեց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։

Նա հավելեց, որ միայն վեց ամսվա ընթացքում գրանցվել է 104 նոր հղիություն։ Նունե Փաշայանի փոխանցմամբ՝ տարեցտարի ծրագրի արդյունքները բարելավում են` եթե նախորդ տարի սպասարկել ենք 917 շահառուի, ապա այս տարվա առաջին կիսամյակում արդեն իսկ 577 շահառուի ենք սպասարկել։

«Եթե զույգը դառնում է շահառու, ապա բոլոր ծախսերը պետպատվերի հաշվին են արվում։ Ծրագրի շահառու կարող են դառնալ հաշմանդամություն ունեցող անձինք, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, զինծառայողները կամ նրանց հավասարեցված անձինք և Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների, անհետ կորածների ծնողները»,- առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Նունե Փաշայանի ներկայացմամբ՝ ավելանում են նաև որդեկորույս մայրերի դիմելիությունն արտամարմնային բեղմնավորման ծրագրին։ Զոհվածների ընտանիքում այս տարի 20 երեխա է ծնվել, միայն տարվա առաջին կիսամյակում էլ գրանցվել է 31 նոր հղիություն։