Search
Close this search box.

Շտապօգնության հասնելու ժամանակ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացած էր. նոր մանրամասներ

Շտապօգնության մեքենան պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին օգնություն ցուցաբերելու համար Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոնի» նստավայր է հասել կանչից 9 րոպե անց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

«Արմեն Գրիգորյանը կարելի է ասել արդեն մահացած էր, բայց վերակենդանացման բոլոր միջոցառումներն իրականացվել են, սակայն ապարդյուն։ Մինչեւ չանցկացվի դատաբժշկական փորձաքննությունը, չենք կարող ասել, թե ինչից է մահը վրա հասել»,- նշեց Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 15–ին, դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրեց գիտակցությունը եւ ընկավ աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, չնայած բազմաթիվ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ապա կալանավորվել: