Search
Close this search box.

Նախ սկսենք նրանից, որ արձանի շինարարությունը չէր մեկնարկել, որ դադարեցվեր․ Իվետա Տոնոյան

Հիսուսի արձանի թեման կրկին փոթորկել է հասարակությանը, մարդիկ օրեր շարունակ քննարկում են Հատիս լեռան պատմամշակութային արժեքը, էկոլոգիական խաթարման խնդիրները եւ արձանը կառուցելն անգամ եկեղեցու դեմ ուղղված քայլ են համարում։ Մենք զրուցել ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ։

 -Նախորդ շաբաթ Գագիկ Ծառուկյանը Հատիս լեռան գագաթին հայտարարեց Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության մեկնարկի մասին, սակայն հետո ԿԳՄՍՆ-ն հայտարարեց, որ լրատվամիջոցներից է տեղեկացել այդ մասին, և կոչ արեց դադարեցնել շինարարությունը: Ի՞նչ փուլում է այժմ գործընթացը:

-Նախ սկսենք նրանից, որ արձանի շինարարությունը չէր մեկնարկել, որ դադարեցվեր: Տեղի էր ունեցել խորհրդանշական արարողություն, և, ինչպես արդեն իսկ հայտարարել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն: Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման բոլոր փուլերը տեղի են ունենալու պետական պարտադիր ընթացակարգերի պահպանմամբ։ Սա ցանկությամբ կամ քաղաքական նպատակահարմարությամբ չի պայմանավորվում։ Սա օրենքի պահանջ է, և ցանկացած երկրում նման խոշոր նախագծի իրականացումն անհնար է առանց պետական ընթացակարգերի պահպանման: Մենք շարժվում ենք այս ճանապարհով: Ինչպես նաև հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ մենք դիմել ենք պատկան մարմիններին` ստանալու համապարփակ մասնագիտական վերլուծություններ ու թույլտվություններ` շինարարական աշխատանքները սկսելու համար: Այնպես որ՝ մենք օրենքով սահմանված ընթացակարգերով անում ենք մեր աշխատանքը:

-Ձեզ համար սպասելի՞ էր հիմնարկեքի արարողությունից հետո քննադատությունների այս մեծ ալիքը:

-Հետաքրքիրն այն է, որ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի, կազմակերպության ներկայացուցիչների, արտերկրի հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառումից անմիջապես հետո տարբեր շրջանակների կողմից, այդ թվում` միմյանց հակադիր, միաժամանակ սկսվեցին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի կառուցման գաղափարի վարկաբեկման փորձեր։ Տպավորությունն այնպիսին է, որ տարբեր շրջանակների՝ Գագիկ Ծառուկյանի դեմ խոսելու շահերն ուղղակի համընկան։

Ուղղակի առիթ էր պետք կուտակված մաղձն արտանետելու համար։ Արձանն ընդամենը առիթ էր, և նման առիթ կարող էր հանդիսանալ ցանկացած այլ թեմա։ Մենք սա ընդունում ենք ի գիտություն և շարժվում առաջ։ Քրիստոսի և քրիստոնեական արժեքների գաղափարը սովորաբար հասարակություններում համերաշխության, հանդուրժողականության և հաշտեցման առանցքում է։ Ցավոք, Հայաստանում նույնիսկ այդ գաղափարն են փորձում դարձնել պառակտման պատրվակ։

Ամենազարմանալին այն է, որ հնչում են «դեմ» կարծիքներ, թե արձանը կարող է հանգեցնել Հատիս լեռան հարակից բնակավայրերում ենթակառուցվածքների բուռն աճի՝ հյուրանոցներ, ճանապարհներ, սպասարկման, ժամանցի և հանգստի նոր համակարգերի ձևավորմանը։ Թե որն է սրա վատը՝ բանականության սահմաններում հնարավոր չէ հասկանալ։ Ուղղակի նշեմ, որ դրա այլընտրանքը չքավորությունն է, աշխատատեղերի բացակայությունը, արտագաղթը։ Հանրային տրամադրությունների ուսումնասիրման բոլոր աղբյուրները վկայում են, որ մեր հասարակության ակնհայտ մեծամասնությունը դրական է վերաբերվում Քրիստոսի արձանի կառուցման գաղափարին։ Եվ սա ամենակարևորն է։

 -Տիկին Տոնոյան, հիմնարկեքի արարողության ժամանակ լրատվամիջոցների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն այդպես էլ չհստակեցրեց, թե որքան ներդրում է անելու այս նախագիծը կյանքի կոչելու համար: Դուք ունե՞ք հաշվարկներ, թե որքան գումար է անհրաժեշտ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման համար: 

– Ավելին, քան ասել է պարոն Ծառուկյանը, չեմ կարող ասել: Իսկ պարոն Ծառուկյանն ասել է՝ կծախսվի այնքան գումար, որքան անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում վեր հառնող Ամենափրկչի արձանը` իր հարակից ենթակառուցվածքներով հանդերձ, լինի լավագույնն աշխարհում: Պետք է ասեմ միայն, որ այս մեգանախագիծն իրականացվում է բացառապես Ծառուկյան ընտանիքի ֆինանսական միջոցներով։

Աշխատանքի ահռելի ծավալ է հարակից ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրաէներգիայի, ջրի, գազի ապահովման հատվածը, որոնց ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ արվել են: Մի առիթով ասել եմ, նորից եմ վերահաստատում՝ այս նախագծի իրականացումը որևէ անձնական, ընտանեկան կամ կոմերցիոն շահ չի հետապնդում և չի կարող հետապնդել։ Այս գաղափարը բացառիկ հնարավորություն է՝ Հայաստանն աշխարհին ներկայացնելու և աշխարհի տարբեր ծայրերից միլիոնավոր հյուրեր ընդունելու համար։