Search
Close this search box.

Կրկին հրդեհի ճիրաններում. Բեյրութի նավահանգստում մեկ շաբաթ է` հրդեհ է

Արդեն մեկ շաբաթ է, ինչ շարունակվում է Բեյրութի նավահանգստում բռնկված հրդեհը։ Ի դեպ, խոսքն այն նավահանգստի մասին է, որտեղ 2 տարի առաջ պայթյուն էր տեղի ունեցել, և հիմա էլևատորների փլուզման վտանգ կա, գրում է ՌԻԱ Նովոստին` Sky News Arabia-ին հղում անելով։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է էլևատորներում հուլիսի 7-ին՝ այնտեղ նյութերի խմորման հետևանքով գազերի արտանետման պատճառով:
Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ամին Սալյամը հստակեցրել է, որ խոսքը դեռ 2020 թվականի օգոստոսի 4-ի պայթյունից հետո էլևատորներում մնացած հացահատիկի մասին է: Նա զգուշացրել է, որ էլևատորները կարող են փլուզվել հրդեհի պատճառով։

«Նման հրդեհներ նախկինում էլ են տեղի ունեցել. կրակը չի մարի, քանի դեռ էլևատորներում հացահատիկ կա»,- ասել է նախարարը:
Լիբանանի քաղաքացիական պաշտպանությունն իր հերթին հայտարարություն է տարածել ու բացատրել, որ որևէ եղանակով հրդեհը մարելը փաստացի անիմաստ է, քանի որ միայն մի քանի օր անց կրակը կմարի, որից հետո այն կրկին կբռնկվի:

Իշխանություններն արգելել են որևէ մեկին մոտենալ էլևատորներին՝ նոր զոհերից խուսափելու համար։
Հիշեցնենք` 2020-ի օգոստոսի 4-ին 3000 տոննա ամոնիումի նիտրատի պայթյունի հետևանքով նավահանգստում ավելի քան 200 մարդ մահացավ, տուժեց 6500-ը, ավերվեց 6000 շենք ու շինություն, ավելի քան 250 000 բեյրութցի դարձավ անօթևան։