Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանությունը փոշմանել է

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանել է հարցին, թե ընդդիմադիր 33 պատգամավորի մանդատից զրկելու հարցով ինչու չեն դիմելու Սահմանադրական դատարան։

«Նախ՝ ֆիքսենք, որ վերջերս մի քանի ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԺ-ում իրենց զբաղեցրած պաշտոններից հեռացնելով՝ ԱԺ որոշ հանձնաժողովների և ընդհանրապես ԱԺ աշխատանքների կազմակերպման առաջացած խնդիրը կարելի է համարել լուծված։ Երկրորդը՝ մեր քաղաքական հավատամքի մեջ է մտնում նաև հարգանքը՝ առ ժողովրդի տված քվեն։ Մենք հարգում ենք ժողովրդի բոլոր ներկայացուցիչների տված քվեն ․․․ և կարծում ենք, որ ընդդիմության այս պահելաձևը, վարվելակերպը, փիլիսոփայությունը առաջին հերթին հենց ընտրողների համար պետք է խնդիր լինի։ Եվ կարծում եմ, մեր ժողովրդի այն հատվածը, որը քվե է տվել իրենց, համապատասխան հետևություններ կանի հաջորդ ընտրությունների ընթացքում»,- ասել է Ռուբինյանը։

Լրագրողների հարցին, թե ինչու են հետքայլ անում, արդյոք միջազգային կառույցների կողմից ճնշում կար այս հարցում, Ռուբինյանը նշել է, որ իրենք երբեք չեն ասել, որ դիմելու են այս հարցով ՍԴ, իրենք ասել են, որ քննարկելու են այս հարցով ՍԴ դիմելու հարցը։
ՍԴ չդիմելու երկրորդը պատճառը, ըստ նրա, այն է, որ երկրին հիմա անհրաժեշտ է քաղաքական կայունություն և համերաշխություն։ «Մենք այս որոշումը նաև պայմանավորում ենք դրանով։ Եվ վերջինը, մենք կարծում ենք, որ եթե ընդդիմությանը թվում է, որ մենք պիտի դիմենք ՍԴ և նրանց փախուստի փրկօղակ նետենք ԱԺ–ից, նրանք սխալվում են, նրանք պիտի գլուխները կախ գան ԱԺ, պիտի նայեն մեր աչքերի մեջ և չկարողանան կրկնել այն, ինչ այս ամիսներին ասել են փողոցներում, և ոչ միայն։ Մենք էլ պիտի նայենք իրենց աչքերին և ասենք այն ամենը, ինչ ուզել ենք ասել, ասում ենք և ասելու ենք»,– ասաց նա։

Ռուբինյանը հստակեցրել է, որ կոնկրետ այս նստաշրջանի համար հարցը ոչ թե առկախված է, այլ փակված և այս նստաշրջանի համար ՍԴ չեն դիմելու։ Հարցին, որ եթե հաջորդ նստաշրջանին կրկին ընդդիմադիրները չմասնակցեն նիստերին, քանի որ ասել են, որ միայն իրենց օրակարգով են գալու ԱԺ, այդ դեպքում ինչ է անելու իշխանությունը, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ այդ դեպքում կրկին անհրաժեշտություն կառաջանա նրանց մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու նպատակով քննարկում անել։

Հարցին, թե խմբակցությունում արդյոք միակարծիք են եղել այս հարցում, ԱԺ փոխնախագահն ասել է, որ հարցի քննարկմանը հնչել են տարբեր կարծիքներ, ինչպես միշտ է լինում խմբակցության քննարկումներում։ «Մենք այս քայլին չդիմելով հնարավորություն ենք ստեղծում, որ առավել կայունության համար և ի վերջո անառակ որդիներին պետք է վերադառնալու հնարավորություն տրվի»,– ասաց նա։

Ռուբեն Ռուբինյանը, ի պատասխան հարցի, թե արդյոք այս որոշմամբ հող են պատրաստում, որպեսզի ընդդիմությունը վերադառնա խորհրդարան, ասել է, որ անձամբ իր համար միևնույն է։ «Բայց մենք մեր կողմից այդ հնարավորությունը պահում ենք՝ իրենց վերադառնալու համար։ Թե կվերադառնան, չեն վերադառնա, դա իրենց որոշումն է»,– ասաց նա՝ հավելելով, որ իրենց ընտրողներին հարգելով ճիշտ կանեն, որ վերադառնան։