Search
Close this search box.

Թշնամու երեկվա կրակոցներից հետո ինչ վիճակ է այսօր Ելփին գյուղում

Թշնամին երեկ հենց Ելփին գյուղի ուղղությամբ է կրակել։ «Փաստինֆո»-ին այս մասին հայտնել է Ելփինի գյուղապետ Անդրանիկ Աղախանյանը՝ նշելով, որ այսօր իրավիճակը հանգիստ է, սահմանային նոր միջադեպ չի եղել:

Ինչպես պաշտոնապես ՊՆ-ն հայտնել էր, երեկ՝ ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր քաղաքացիական ավտոմեքենա։

Մեզ հետ զրույցում Ելփինի գյուղապետը մանրամասնեց, որ թշնամին հենց գյուղի ուղղությամբ է կրակել, ինչի հետևանքով կողքի գյուղի բնակիչներից մեկի մեքենան վնասվել է:

Անդրանիկ Աղախանյանը մեզ հայտնեց, որ արդեն այսօր գյուղում իրավիճակը հանգիստ է.«Ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չունենք, դեպքը պատահել է գյուղի վերևի հատվածում, գյուղի ուղղությամբ են կրակել,մի հինգ կրակոց է եղել, բայց մեր գյուղը դիտարկվող չի, չեն կարող նշան բռնեն ու կրակեն, ուղղակի ընկնող փամփուշտը պատահաբար եկել ու ընկել է գյուղացու ավտոմեքենայի վրա, ուրիշ ոչ մի խնդիր չունենք, խուճապ չկա»,-ասաց գյուղապետը:

Հարցին ինչո՞ւ է հակառակորդը վերջին շրջանում թիրախավորում հենց Վայոց ձորը, գյուղապետը դժվարացավ պատասխանել.

«Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, երևի պաշտպանության նախարարությունից դա իմանաք, չեմ տիրապետում այդպիսի բաների»,-ասաց նա:

Մեր մյուս հարցին՝ արդյո՞ք մտավախություն չկա, որ շուտով մեկնարկելիք հայ-ադրբեջանական սահմանազատման աշխատանքների արդյունքում Վայոց ձորից որոշ հատվածներ կհայտնվեն թշնամու վերահսկողության տակ, գյուղապետն ասաց՝ «Ոչ, մտավախություն չկա»,-ասաց նա: