Search
Close this search box.

Փոստանջյանը 2018թ.-ին մտադիր է համազգային ընդվզում անել

«Երկիր ծիրանի» կուսակցությունը մտադիր է ընդվզման նոր ալիք առաջացնել Հայաստանում:

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ «Ընդվզիր, մերժիր սատանայի բանաձեւը» եւ «Դժոխքի երաժշտություն» կարգախոսների ներքո հունվարի կեսերից արդեն շրջելու են Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի քաղաքներով եւ գյուղերով՝ մարդկանց ծանոթացնելով ընդվզման իրենց ծրագրի հետ:

«Շուրջ 1 մլն մարդու աղքատությունը խոսում է այն մասին, որ այդ մարդկանց ընտանիքներում դժբախտություն է: 2018թ.-ին շրջելու ենք մարզերով, բաժանենք թռուցիկներ, լույսեր: Ընդզվման ներքո հրավիրվելու է մեծ համազգային ժողով, ընտրվելու է քաղաքական նոր էլիտա: Դուք չգիտե՞ք՝ հեղափոխությունը ոնց է լինում, բայց թե երբ ենք անելու, այս պահին չեմ կարող ասել»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Ըստ կուսակցության առաջնորդի, 2017թ.-ին տեղի է ունեցել այս ավտորիտար համակարգի բացարձակ լճացում, որեւիցե փոփոխություն դեպի դրականը չի արձանագրվել, ընդհակառակը,, վատթարացում է արձանագրվել բոլոր բնագավառներում:

Անդրադառնալով ԱՄՆ կատարած այցին՝ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ներգաղթ ապահովելու համար պետք է նախ եւ առաջ փոխել քաղաքական կառուցվածքը. «Պետք է մեր սփյուռքահայերը մասնակցեն մեր քաղաքական կյանքին, նրանցից պետք չի բարեգործության տեսքով օժանդակություն սպասել, ընտրելու եւ ընտրվելու իրավունքը պետք է վերականգնվի: Շատերն էին հայտարարում ներդրումների մասին, բայց ցանկացած ներդրում պահանջում է ապահովագրություն, այսինքն իրավունքի գերակայություն: Մինչդեռ մեր երկրում, որտեղ կան քաղաքական հալածյալներ, ընտրությունները կեղծվում են, գործարարն առաջինը հարցնում է իրավունքի գերակայության մասին, ներդրում չեն անում»: