Search
Close this search box.

Ինչ էր ասում Փաշինյանը պատերազմի ամենաթեժ պահերին, և ինչ է անում հիմա Փաշինյանի Պաշտպանության նախարարը

Օրվա լուրը՝ բազմաթիվ հարցականներով, կամ հոնքն ուղղելու տեղը աչքն էլ չհանենք:

Պն ղեկավար Սուրեն Պապիկյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանները միատեղում են՝ ստեղծելով ռազմական ակադեմիա, ուր պիտի տեղավորեն նաև սահմանապահ զորքերի ուսուցման համապատասխան ֆակուլտետներ: Սույն որոշման հիմնավորումն էլ հնչեց՝ ռազմական ավիացիոն համալսարանի դիմորդների թիվը կտրուկ նվազել է, ուստի թերևս որոշել են տնտեսման մեթոդով առաջնորդվել, ընտրված բայն էլ խնդրահարույց էր՝ «միատեղել», ոչ թե համատեղ զարգացնել, ինտեգրացնել, այլ մի տեղում կուտակել: Ընդ որում ռազմական ավիացիոն համալսարանի պետ Դանիել Բալայանին 2021-ի դեկտեմբերի 29-ից այն օրերի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով աշխատանքից հեռացրել էին, ՀՀ ԳՇ դառն ճակատագրին համահունչ՝ համալսարանը ղեկավարվում է պաշտոնակատարի կողմից:

Միտքս եկան Ն.Փաշինյանի պնդումները պատերազմի ամենաթեժ պահերին, երբ երկու անգամ հավաքել էր արտախորհրդարանական ուժերին, մի քանի անգամ ասաց, ր ընդամենը մի փորձառու օդաչու ունենք արդիական ինքնաթիռների, ՍՈՒ-30 ՍՄ կործանիչների համար, խնայում ենք նրան, վախենում ենք, թե հանկարծ մի բան չպատահի… այն ժամանակ դեռ նա չէր խոստովանել, որ ՍՈՒ-30 ՍՄ կործանիչները հրթիռներ չունեն, քանզի թավշյա հեղափոխության կառավարական կենտրոնը չէր հասցրել գնել դրանք մինչև պատերազմը:

Այդուհանդերձ պարզից էլ պարզ էր, որ օդաչուների հրատապ կարիք կար և կա: Արդ, հապճեպ միատեղումով ի՞նչ ենք շահելու՝ ազատված հաստիքների աշխատավա՞րձը, դատարկված տարածքնե՞րը, ներկայումս մի քանի միլիոն դրամ շահելով՝ ապագա միլիարդներն ենք կորցնելո՞ւ, անգին հայրենի պետության տարածքների և քաղաքացիների անվտանգության հաճախ անվերականգնելի կորստյամբ:

Ուստի հարց է ծագում՝ Հայաստանում գործող ո՞ր ռազմական փորձագիտական հաստատության կողմից է այս հարցը քննարկվել, հետազոտվել, համադրվե՞լ են դրանց հնարավոր դրական և բացասական կողմերը, թե՞ ինչպես միշտ՝ պարզունակ գծուծ տնտեսվարումն է առաջնային…. Հայաստանը կարիք ունի ռազմատեխնիկական լրջագույն բարեփոխումների, որոնց հիմքում արհեստավարժ զինվորականների բանակի ձևավորումն է, քանզի 4-րդ և 5-րդ սերնդի պատերազմներում ոչ թե բազկի ուժի կռիվ է, այլ՝ ուղեղների գրոհ, ուստի այս պարագայում մասնագետների կարծքիներն են կարևոր, իսկ նրանք արդեն խոսում են ուսումնական գործընթացի որակական անկման մասին: Յոթն անգամ որևէ մեկը չափե՞լ է, որ արդեն կտրում են…

Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան էջից