Search
Close this search box.

Ռուս զինծառայողի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է. ԻՊ ահաբեկչական խմբավորման համակիրների օժանդակությամբ է կատարվել սպանությունը

Ապրիլի 22-ին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի 21-ամյա զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության գործն արդեն դատարանում է. այն կքննի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը:

Սպանվածը դանակի 8 հարված էր ստացել պարանոցի, թիկունքի, գլխի հատվածին, ինչի հետևանքով տեղում մահացել էր:

Ըստ մեղադրանքի՝ Արման Ջանջուղազյանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ 2017թ.ապրիլի 22-ին` ժ.17.30-ի սահմաններում, կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրի քաղաքի Դուդկոյի փողոցի 4 հասցեում տեղակայված «Արգո» վաճառատան մոտակայքում, ապօրինի կերպով կրելով քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակ, դրանով մի քանի անգամ հարվածել է Ռուսատանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևին` սպանելով վերջինիս:

Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով:

Այսպիսով, դեռևս նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ջանջուղազյանն ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ։

Մասնավորապես՝ նա 2016 թվականին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր: Ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնավնասում և նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք:

ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 2017թ. հունվարին հաստատված հիվանդության վկայագրի համաձայն՝ նրա մոտ ախտորոշվել է «անձի օրգանական խանգարում աֆեկտիվ անկայունությամբ և ինքնավնասումներով, պարցյալ էպիլեպսիա» հիվանդությունը։

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով նշանակված ռազմաբժշկական և դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննության եզրակացության համաձայն, որն ստացվել է 2017 թվականի մարտին, նրա մոտ փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են հոգեկան որոշ խանգարումներ, և ճանաչվել է սահմանափակ մեղսունակ և ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ։