Search
Close this search box.

Մենք Աղավնոն չե՛նք հանձնում․ այն հանձնելու մասին հարցը տվեք նախկին ղեկավարներին․ Քոչարյան

Վարչապետն ասաց՝ հրադադարի պայմանագրում ինչ կետ կար, որը դեռ հիմա կքննարկվի եւ որոշում կկայացվի Արցախի իշխանությունների հետ մեկտեղ. Դա ճանապարհի հնարավորությունների մեծացման եւ օգտագործմանն է վերաբերում՝ մեր ռազմավարական գործընկերության ակտիվ մասնակցությամբ: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության վերաբերյալ նախնական համաձայնություն կա:

Դիտարկմանը, որ Աղավնոյի համայնքապետը հայտարարել է, որ չեն պատրաստվում դուրս գալ գյուղից, նա արձագանքեց. «Կյանքը միշտ իր շտկումները կդնի մեր առջեւ եւ մենք պարտավոր ենք միասին այս բարդ ժամանակում անցնել մեր անցնելիք ճանապարհը՝ առաջին հերթին մեր անվտանգության տիրույթն ամուր պահելու տեսանկյունից եւս: Դա վերաբերում է բոլոր այն բարեփոխումներին, որոնք պետք է իրականություն դառնան թե Զինված ուժերում, թե ընդհանրապես: Այնպես որ, այստեղ խնդիրները ոչ թե պետք է տարանջատել, այլ՝ մեկտեղել: Դրա մեջ շատ կարեւոր է՝ մենք խաղաղության օրակարգը տեսնում ենք նաեւ երկրի ներսում, թե՞ երկրի սահմաններից դուրս: Դա վերաբերում է նրան, թե երբ համերաշխության մթնոլորտը կդառնա իրականություն երկրի ներսում»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց հիշել, թե թե ինչ վիճակ էր 1994թ-ի հրադադարից առաջ և դրանից հետո. «Այս անհանգիստ աշխարհում, որպեսզի Հայաստանը կարողանա իր առջև դրված խնդիրները հստակ պատկերացնել, առաջին հերթին համերաշխություն է պետք մեր երկրում», – ասաց նա։

ՔՊ-ական պատգամավորը, հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ասաց, թե այս պահին պատերազմի վտանգ չկա։

«Այս պահին չենք տեսնում սահմանի երկայնքով որոշակի լարվածության օջախներ, բայց միշտ պետք է մեր բոլոր գործողություններով ու մեր բոլոր ռեֆորմների իրականացման տեսանկյունից անենք այնպիսի արագ ու արդյունք տվող գործողություններ, որպեսզի մեր կորուստները 44-օրյա պատերազմից հետո հստակ վերականգնման ընթացք ունենան», – ասաց Քոչարյանը։

Լրագրողի հարցին՝ եթե Աղավնոն չհանձնեն Ադրբեջանին, հնարավո՞ր է պատերազմ սկսվի՝ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Ամեն ինչ պետք է անենք, որ պատերազմ չսկսվի։ Դուք անընդհատ խոսում եք պատերազմից՝ մոտեցնելով պատերազմը, ես շատ լավ հասկանում եմ՝ ինչու եք դուք այդ հարցը տալիս, եկեք այնպես անենք, որ խաղաղություն ունենանք, մեր ժողովրդին խաղաղություն է պետք, որ վերքերը բուժի։ Մենք Աղավնոն չենք հանձնում, դուք այդպիսի հարց կարող եք տալ նախկին ղեկավարներին, որոնց դուք եք սպասարկում»։