Search
Close this search box.

Ջհանգիրյանի ձայնագրության հարցով կլինի նաև քաղաքական գնահատական. ՔՊ քարտուղար

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի և այդ կառույցի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության առնչությամբ կլինի նաև քաղաքական գնահատական։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Վարդազարյանը հունիսի 20-ին ասուլիսում հայտարարել էր, թե ապացույց ունի, որ իր դեմ կատարվող բոլոր գործողությունները քաղաքական որոշման արդյունք են։ Որպես ապացույց նա հրապարակել էր իր, Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի մասնակցությամբ զրույցի ձայնագրությունը։

«Կան մտահոգություններ։ Դատախազությունն ուսումնասիրում է այդ ձայնագրությունը, ես պետք է խնդրեմ, որ սպասենք դրա ավարտին: Քաղաքական գնահատական ևս կհնչի, երբ տեղեկանանք դատախազության ընդունած վարույթի արդյունքներին»,–ասաց Հովհաննիսյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ դատախազ Արթուր Դավթյանն իր պաշտոնավարման ավարտից հետո (սեպտեմբերին) նշանակվելու է ԲԴԽ նախագահ, որքանո՞վ կապ կարող են ունենալ ձայնագրությունն ու այդ լուրերը։ Ի պատասխան Հովհաննիսյանը նշեց, որ նախ չկա տեղեկություն, որ Դավթյանը պետք է ԲԴԽ նախագահ նշանակվի, ուստի այդ լուրերն իրար կապելն այնքան էլ ճիշտ չի լինի։