Search
Close this search box.

Դեմարկացիայի արդյունքում Շուռնուխ գյուղի կեսը ադրբեջանցիները պետք է վերադարձնեն. Շուռնուխի համայնքապետ

Շուռնուխցիները, որոնց բնակարանները պատերազմից հետո ապօրինի կերպով անցել էին ադրբեջանցիների վերահսկողության տակ, դեռևս փոխհատուցում չեն ստացել, բայց գյուղում 13 տուն է կառուցվում, որպեսզի փոխհատուցման կարգով կտրվի նրանց:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը մանրամասնեց, որ բնակարանների կառուցման աշխատանքը դեռ ընթացքի մեջ է, կառուցվող 13 տներից 5-ի տանիքներն արդեն դրված են:

Ինչ վերաբերում է սահմանային վիճակին՝ գյուղապետը նշեց, որ ամեն բան նույնն է, ադրբեջանցիները շարունակում են մնալ այնտեղ, որտեղ տեղակայվել էին պատերազմից հետո՝ ապօրինի առաջանալով ՀՀ ինքնիշխան տարածքում։ «Շուռնուխ գյուղի կեսն ադրբեջանցիերինն է, ոնց առաջ եկել էին, նույն տեղը մնացել են, բայց սադրանքներ չեն անում»,-հավելեց Հակոբ Արշակյանը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքները սկսելու շուրջ բանակցություններ են ընթանում, հարցին՝ արդյո՞ք մտավախություն չկա, որ այս գործընթացի արդյունքում Շուռնուխից որոշ հատվածներ կհայտնվեն թշնամու վերահսկողության տակ, համայնքապետը հակադարձեց.

«Երբ դեմարկացիա ու դելիմիտացիա լինի, իմ կարծիքն այն է, որ պետք է մեր գյուղի մի կեսն էլ հետ վերադարձնեն, ես համոզված եմ, որ այն կեսը, որն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ, դա ՀՀ վարչական տարածք է, եթե ճիշտ իրականացվի գործընթացը, մեր գյուղի հողերը պետք է հետ վերադարձվեն»,-ասաց Շուռնուխի գյուղապետը: