Search
Close this search box.

Ինչպիսին կլինի զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակը

Երևանի բուսաբանական այգում Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի» նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են: 2-3 շաբաթում փորձագիտական կարծիք ունենալուց հետո կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ, այս մասին կառավարությունում մեկնարկած հերթական նիստի ժամանակ ասաց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այգում նոր ոռոգման համակարգ է կառուցվելու և նոր խողովակաշար՝ մի քանի կիլոմետր երկարությամբ: «Շինարարությունը կտևի 3 տարի: Այն կկազմի 4.2 միլիարդ դրամ»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարության տրամաբանությունն այն է, որ դա պետք է լինի մի վայր, որտեղ մարդիկ ընտանիքներով գնան, ժամանակ անցկացնեն, և դա պետք է ընդգծի կյանքի, այլ ոչ մահվան տրամաբանությունը:

«Այս ընթացքում ես նաև մի քանի անգամ մեր զոհվածների սիրելի ծնողերի հետ հանդիպումներ եմ ունեցել: Ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը պետք է լինի այնպիսին, որ ոչ թե մարդիկ նպատակահարմար չհամարեն երեխաներին տանել զբոսանքի շատ հարցերից խուսափելու համար, այլ պետք է լինի այնպես, որ դա և՛ մեր նահատակների հիշատակը բարձր պահի, և՛ մարդիկ չխուսափեն իրենց երեխաներին տանել այնտեղ: Մեր նահատակներն ընկել են, որպեսզի Հայաստանն ապրի, Արցախն ապրի»,- հավելեց Վարչապետը: