Search
Close this search box.

Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման շուրջ. ԱՄՆ պետքարտուղարի օգնական

Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջ շարժվելու հնարավորություն ունեն։ Այս մասին գրել է ТАСС-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդին:

«Ես հավատում եմ, որ այժմ իսկական հույս կա, որ Հայաստանի և Ադրբեջանի համար կա հնարավորություն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում», – ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության ներկայացուցիչը:

«Կարծում եմ՝ մենք տեսել ենք, որ երկու երկրներն էլ կարևոր քայլեր են ձեռնարկում»,- ասել է Դոնֆրիդը:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Վերջիններս համաձայնության են եկել երկու երկրների պետական սահմանի սահմանազատման հարցերով սահմանային հանձնաժողովների առաջին նիստն անցկացնելու վերաբերյալ։