Search
Close this search box.

Ինչո՞ւ են սահմանազատման հանձնաժողովի հայկական կողմի անդամները քիչ ադրբեջանականից․ մեկնաբանում է ԱԽ քարտուղարը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հստակ ժամկետներ չնշեց, թե երբ է տեղի ունենալու սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովների նիստը։ Նա հայտնեց, որ օրակարգում լինելու սահմանազատմանը, սահմանագծմանը վերաբերող հարցեր։

Հարցին՝ ինչո՞ւ է հայկական կողմի հանձնաժողովի կազմը պակաս ադրբեջանական կողմի կազմից և ինչո՞ւ մասնագետներ չկան մեր հանձնաժողովի կազմում՝ նա նշեց․ «Թվաքանակը աշխատանքային խմբի տեսանկյունից մեծ նշանակություն չունի, որովհետև բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում։ Թվաքանակի հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է մասնագետներին, մենք 2020-ի նոյեմբերից մինչ օրս մասնագետների հետ քննարկումներ ենք անցկացնում»։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագրեր են ստորագրել սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու մասին։ Հանձնաժողովների կազմը հայտնի է։

Հիշեցնենք նաև՝ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։