Search
Close this search box.

Էրդողանը Բաքվում է․ նա նորից հայերին ու Հայաստանն է հիշել

Թուրքիան և Ադրբեջանը երկու պետություններ են, որոնք գործնականում դրսևորել են միասնություն և եղբայրություն։ Ոչ ոք չի կարող մեզ բաժանել, ստվեր գցել համագործակցության ու բարեկամության վրա։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում անցկացվող TEKNOFEST-Azerbaijan ավիացիայի, տիեզերագնացության և տեխնոլոգիաների փառատոնի ժամանակ, փոխանցում է Anadolu-ն։

Պետության ղեկավարը նշել է, որ թեև երկու եղբայրական երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունները հաստատվել են ընդամենը 30 տարի առաջ, սակայն երկու պետությունների ժողովուրդների կապերը արմատացած են դարերի խորքում։

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները երկար տարիներ եղել են գործընկերային մակարդակում, իսկ հետո անցյալ տարվա Շուշայի հռչակագրի շնորհիվ հասել են ռազմավարական դաշինքի մակարդակի։

Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ Անկարան միշտ դեմ է եղել Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի «օկուպացմանը» և եղել է արդարության կողքին։

«Թուրքիան Ադրբեջանի կողքին է և՛ վշտի, և՛ ուրախության մեջ։ Մենք Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունները հասցրել ենք այնպիսի մակարդակի, որը օրինակ է ոչ միայն տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի համար։ Ղարաբաղում հաղթանակը թուրք ազգի պայծառ հաղթանակների շարքի վերջին օղակն է։ Ադրբեջանի 44-օրյա Հայրենական պատերազմը աշխարհին բացահայտեց նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումների մակարդակը։ Մենք տարածքային պահանջներ չենք ներկայացնում աշխարհի ոչ մի երկրի դեմ, բայց նաև մտադիր չենք զիջել և չենք զիջելու նույնիսկ մի թիզ մեր սեփական հողից»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան վճռականորեն աջակցում է Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի նախագահի ջանքերին, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։