Search
Close this search box.

«Ամենալավը Մեղրիի ժողովուրդը գիտի` Մեղրին ինչու մինչև հիմա գազ չունի». Սանոսյան

Մինչև աշուն Մեղրիի, Ագարակի և Լեհվազ գյուղի մեր հայրենակիցները գազ կունենան։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Ամենալավը Մեղրիի ժողովուրդը գիտի` Մեղրին ինչու մինչև հիմա գազ չունի։ 2017-ին Մեղրին 90, Ագարակը 10 տոկոսով գազիֆիկացվել է, այսինքն` անցկացվել է ցանց, բայց չի միացվել։ 2018-ին Մեղրիի համայնքապետը նամակ է գրել ու «Գազպրոմին» վստահեցրել, որ օդային հորան կոչվող սարքավորումները կտեղադրեն, որի արդյունքում կկարողանան գազը միացնել։ Սակայն մինչև հիմա համայնքն այդ պարտավորությունը չի իրականացրել»,– ասաց Սանոսյանը։

Նրա խոսքով` կառավարությունն էլ «Տարածքային զարգացման հիմնադրամի» աջակցությամբ 280 մլն դրամի ծրագիր է իրականացրել, և 2021-ի ծրագիրն ավարտվել է։ Սանոսյանը նշեց, որ կառավարության առաջիկա նիստի ժամանակ այդ համակարգը կհանձնեն «Գազպրոմին», և մի քանի ամսվա աշխատանքից հետո Մեղրին գազ կունենա։