Search
Close this search box.

Թշնամին եկել՝ մեր հողի մեջ դիրք է դրել․ Սեյրան Զաքարյան

Պաշտպանության նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը հաստատել է Սյունիքի մարզում՝ Վարդասար կոչվող բարձունքի հատվածում, ադրբեջանական զորքերի ևս մեկ առաջխաղացման փաստը:

Ըստ կայքի, դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանի ԶՈւ-ի տեղակայման ինտերակտիվ քարտեզ էր հրապարակել, որում երևում էր, որ Ներքին Հանդ գյուղի մերձակայքից բացի, դիրքեր են տեղակայված նաև Ծավ գյուղից դեպի հարավ։

Սակայն ՊՆ-ից վստահեցրել էին, որ Ծավ գյուղին կից տարածքներում ադրբեջանական դիրքեր չկան և չեն եղել։

168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Ծավ գյուղի ղեկավար Սեյրան Զաքարյանն անդրադառնալով ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչների առաջխաղացմանը և ՊՆ-ի հաստատմանը, նախ նշեց, որ իրենց հորդորել են սահմանային հարցերի վերաբերյալ լրատվամիջոցների հետ չխոսել, բայց քանի որ այդ ամենն արդեն ՊՆ-ն հաստատել է, ապա կարող է ասել, որ՝ այո՛, ադրբեջանական ԶՈւ-ի ներկայացուցիչներն առաջ են եկել։

Նշենք, որ վերջին մի քանի ամիսներին ԱԱԾ-ն Սյունիքի մարզի վարչական ղեկավարներին, համայնքապետերին հորդորել է սահմանային հարցերի վերաբերյալ որևէ տեղեկություն չփոխանցել լրատվամիջոցներին։

«Առաջխաղացումը ոչ թե մեկ տարի առաջ է եղել, այլ մի քանի ամիս առաջ, թշնամին եկել՝ մեր հողի մեջ դիրք է դրել։ Առաջխաղացումը Ծավի համար այդքան էական նշանակություն չի ունեցել, սակայն Ներքին Հանդի համար մեծ խնդիր է, թեպետ Ծավն էլ Ներքին Հանդին կպած է։ Խնդիրը կա, բայց ի՞նչ բարձրաձայնենք, հիմա սահմանազատում պետք է անեն ու այդ տարածքները հետ տան, եթե ոչ, ուրեմն այդպես ճիշտ չէ, մեր հողի վրա իրենք դիրք չպետք է ունենան։ Իրենք անտառով իջել են ու իրենց դիրքն են դրել, բայց իրենք չպետք է լինեն այնտեղ, ու վերջ»,- նշեց Սեյրան Զաքարյանը։

Հարցին՝ իրատեսակա՞ն է համարում, որ սահմանազատման արդյունքում թշնամին հետ կգնա, Սեյրան Զաքարյանը պատասխանեց, որ «պետք է հետ գնա», քանի որ նրանց զբաղեցրած տարածքը հայկական է, և իրավունք չունի այնտեղ մնալու։

«Թշնամին պետք է հետ գնա, եթե հետ չի գնալու, էլ ինչո՞ւ պետք է սահմանազատում անեն։

Այս ամենի հետ կապված՝ բնակչությունը չի ընկճվում, բոլորն իրենց տեղում են, որևէ տուն չի դատարկվել, խուճապի չի մատնվել։ Բնակիչներն իրենց առօրյա հոգսերով են տարված, հող են մշակում, անասուն են պահում։ Մեր բնակիչները որևէ նպատակ չունեն գյուղը լքել, հակառակը՝ ավելանում են»,- եզրափակեց Սեյրան Զաքարյանը։