Search
Close this search box.

Արդյո՞ք Բերձորը, որը մեզ կապում է Արցախի հետ, կհանձնվի Ադրբեջանին

Հայաստանի ու Արցախի իշխանությունները Բերձորի վերաբնակեցման աշխատանք պետք է տանեն, որպեսզի Բերձորն ու հայկական վերահսկողության տակ մնացած հարակից համայնքները չանցնեն Ադրբեջանին։ Այս մասին Lragir.am-ի զրույցում ասել է պատմաբան, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։ «Հիմա մեզնից է կախված՝ արդյոք այդ հանգույցը, որը մեզ կապում է Արցախի հետ, կհանձնվի Ադրբեջանին, թե՞ ոչ։ Եթե այնտեղ հայ բնակչություն պահպանվի, նոր կառուցվող այդ շրջանցիկ ճանապարհը պատճառ չի դառնա, որ մենք հանձնենք մեր Բերձորը»,- ասաց նա։

Ըստ նրա՝ Բերձորում ազատ տներ կան, և շատ քիչ ներդրումների դեպքում կարող են պիտանի լինել բնակության համար։ Այվազյանի խոսքով՝ եթե այնտեղ հայ բնակչություն լինի, միջանցքը կպահպանվի։ «Այն ճանապարհը, որը Ադրբեջանը կառուցում է, ամայի ու լեռնոտ ճանապարհ է, գրեթե միշտ անանցանելի կլինի։ Եթե փաստաթղթում ինչ-որ բան նշված էր միջանցքի մասին, ապա Բերձորի միջանցքի մասին էր հիշատակված։ Իսկ կառուցվող ճանապարհի հետագա կարգավիճակը հայտնի չէ, արդյոք այդ քայլով Հայաստանը չի՞ կտրվի Արցախից մեկընդմիշտ։

Եթե հանձնվի Բերձորը, Բերձորի միջանցքն էլ չի լինի։ Եվ կստացվի, որ Հայաստանն Արցախին կապող միակ պորտալարը նույնպես կկտրվի, և կմնա անորոշ կարգավիճակով անհարմար ռելիեֆային պայմաններով ինչ-որ ճանապարհ, սա շատ սխալ մոտեցում է։ Ադրբեջանը շտապում է այդ ճանապարհի կառուցումը շուտափույթ ավարտել, որպեսզի օգտվի իր համար քիչ թե շատ միջազգային ու տարածաշրջանային իրավիճակից։ Իսկ մեզ համար կարևոր է Բերձորի հայկականությունը պահպանելը»,- ասաց նա։

Գրիգորի Այվազյանի խոսքով՝ ՀՀ և Արցախի իշխանությունները այս հարցը պետք է բարձրացնեն, նաև ՌԴ իշխանությունների առաջ այս հարցն ուղիղ պետք է դրվի՝ որպես Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկիր։ «Եթե մենք մոտակա 1-2 ամսվա ընթացքում այս ուղղությամբ վճռական քայլեր չկատարենք, ապա կարող ենք մոռանալ Բերձորի մասին, հեռանկարում՝ նաև Հայաստան-Արցախ կապի մասին, նաև հայկական Արցախի գոյության մասին։

Իզուր չէ, որ Ադրբեջանն այսօր փորձում է ստեղծել կեղծ օրակարգ՝ առաջ քաշելով այլ հարցերը, փորձում է շեղել այն գործընթացից, որն ինքը հիմա առաջ է տանում։ Այն է՝ փորձում է արագ քայլերով նոր ճանապարհը կառուցել ու ապացուցել, որ կարող են օկուպացնել նաև Բերձորը։ Դա շատ կարևոր և վճռական հարց է, որտեղ պետք է մենք ցուցաբերենք և խոհեմություն, և վճառականություն, և հետևողականություն։ Ամեն խաղում չէ, որ ոսկե օրենք է խաղաղության օրակարգը, նաև տրամաբանության օրակարգ պետք է լինի»,- հավելեց նա։

Բերձորից տեղահանված բնակիչները պատրաստ են վերադսառնալ իրենց բնակավայր, բայց պատերազմից հետո նրանց չեն թույլատրում բնակության նպատակով հաստատվել Բերձորում։ Ըստ Գրիգորի Այվազյանի՝ պետք է բարձրացնել հարցը՝ ո՞վ թույլ չի տալիս։ «Քաղաքական կամք ու որոշում չկա, մեզ համար տեսլական չկա այս հարցում։

Առաջին հերթին Հայաստանի ու Արցախի պատկան մարմիններն ու իշխանությունները կոնկրետ ու տրամաբանական որոշում պետք է կայացնեին այդ հարցում, ոչ թե Սյունիքում բանավոր պայմանավորվածության հիմքի վրա տասնյակ կիլիոմետրերով հետ քաշեին հայկական սահմանը, ինչի հետևանքով թուրքը մտավ անգամ խորհրդային Հայաստանի տարածքներ։ Այստեղ առաջին հերթին ոչ թե ռուսական ադմինիստրացիան պետք է պատասխանի այդ հարցերին կամ էլ թույլ տա կամ թույլ չտա վերադառնալ Բերձոր, այլ առաջին հերթին իրենց վրա պետք է պատասխանատվություն վերցնեն ՀՀ ու Արցախի իշխանությունները։

Եվ նրանք պետք է հասկանան , որ այդ կյանքի ճանապարհը չի կարող զիջվել ոչ մի դեպքում։ Ամբողջ պատասխանատվությունը կրում են այն անձինք, ովքեր հրաման են արձակել՝ պաշտպանել, թե չպաշտպանել, այդ միջանցքը հանձնել, թե չհանձնել։ Հիմա Արցախի ու Հայաստանի կապի հարցն է լուծվում, դուք ի՞նչ տրամաբանությամբ եք գործում, նաև Բերձո՞րն եք ուզում վերջնական հայաթափել։ Ինչպե՞ս եք պատկերացնում, Բերձորից հետո Արցա՞խն էլ պետք է հայաթափվի, հետո Տավուշն ու Զանգեզուրը, ի վերջո Երևա՞նն էլ հայաթափվի։

Դա՞ է խաղաղության օրակարգի տրամաբանությունը։ Հուսով եմ, որ այդ դեպքում ողջախոհությույնը կլինի առաջնահերթ։ Կան փոխզիջումներ, տրամաբանական և անտրամաբանական քայլեր, այնպես չէ, որ նոյեմբերի 9-ի այդ չարաբաստիկ պայմանագրով պետք է թույլ տալ, որ այսօր-վաղը Բերձորն էլ հայաթափվի»,- նշեց նա։ Ըստ Այվազյանի՝ բոլոր քայլերը պետք է տեղին ու ժամանակին անել, ապագայում անցյալի սխալներն ուղղել հնարավոր չէ։ Ներկայում անթույատրելի է ազգային անվտանգության խնդիրներում որևէ սխալ թույլ տալը, հատկապես, որ մեզ համար դա կարող է ճակատագրական ու արդեն վերջին սխալը դառնալ։