Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք ինքներդ հավատո՞ւմ եք ձեր կմկմոցներին». Աղվան Հովսեփյանը՝ երբեմնի իր ենթակա դատախազին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ մայիսի 5-ին, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն իր գործով դատական նիստին հանդես եկավ ելույթով։

Նա, անդրադառնալով գործով մեղադրող դատախազի այն առարկություններին, որ Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը չպետք է փոփոխվի, ասաց. «Դուք ինքներդ հավատո՞ւմ եք ձեր կմկմոցներին։ Խնդրում եմ, որ այսուհետ ամբողջ դատական պրոցեսի ընթացքում հնչած որեւէ արտահայտություն երբեք չընկալեք որպես վիրավորանք։ 45 տարի ես ծառայել եմ պետաիրավական եւ դատաիրավական համակարգում եւ վստահեցնում եմ ձեզ, որ երբեք ոչինչ չեմ արել, որ կարող է վիրավորել դատախազության կամ դատավորի։ Ինչու ասացի կմկմոց, դա չնկալեք որպես վերաբերմունք ձեր նկատմամբ, այլ ձեր ելույթի նկատմամբ։ Խնդրում եմ՝ իմ նկատմամբ լինել անաչառ։ Ողջ նախաքննության ընթացքում, որը տեւել է 3 տարի, այդ ընթացքում ես բազում անգամներ հրավիրվել եմ Հակակոռուպցիոն կոմիտե, տարբեր գործերով հարցաքննվել եմ, փորձել են ինչ-որ բաներ հայտնաբերել, ինչ-որ կաշառքներով, «Մարտի 1-ի» գործով եւ այլն, ժամերով հարցաքննվել եմ»։

Հովսեփյանն ասաց, որ երեք տարվա ընթացքում իր նկատմամբ իրականացվել է հետապնդում, կալանքներ են դրվել իր եւ իր հարազատների գույքի նկատմամբ. «Ապօրինի կալանքներ, որովհետեւ քրեական գործում ես որեւէ կարգավիճակ չեմ ունեցել, առավել եւս իմ հարազատները։ Ո՞ւր է դատախազությունը, դատախազության հսկողությունը։ 8 ամիս լռել եմ, որովհետեւ հասկացել եմ հենց առաջին րոպեներից, որ ասողին լսող է պետք, իսկ լսելը միայն ականջներով չի, լսելը նաեւ գիտակցության, նաեւ ուղեղով անցկացնելը, վերլուծելը։ Իսկ ո՞ւմ համար խոսեմ ես, երբ հասկանում ես ակնհայտորեն, որ դիմացինդ չի ուզում ընկալել քեզ»։

Աղվան Հովսեփյանը հայտարարեց, որ 3 տարվա ընթացքում համապատասխան մարմիններից ուղերձներ եւ նախազգուշացումներ է ստացել. «Ուղերձներ, որ եթե հանկարծ փորձեք բացակայել երկրից, ձեր տղաներն անմիջապես կկալանավորվեն։ Հավատացնում եմ ձեզ, որ չեմ պատրաստվել իմ հայրենիքից բացակայել, ես իմ ողջ կյանքում ոչնչից չեմ խուսափել։ Այս նախազգուշացումները տեղի են ունենում ինչպես ընտրություններից առաջ, այնպես ընտրություններից հետո եւ ավելի ինտենսիվ ձեւով։ Ինչու ընտրություններից հետո, որովհետեւ Աղվան Հովսեփյանը մասնակցեց ընտրություններին, պատկերացնո՞ւմ եք, որ Աղվան Հովսեփյանը չմասնակցեր ընտրություններին։ Աղվան Հովսեփյանը երբեք չի զբաղվել քաղաքականությամբ, երբեք որեւէ կուսակցության անդամ չի եղել։ Բոլոր չակերտավոր ցուցմունքները, որոնք կան քրեական գործում, ձեռք են բերված ընտրություններից հետո։ Կային մարդիկ, որոնք տենչում էին Հովսեփյանին կալանքի տակ տեսնել։ Եվ դրան էր ուղղված իրենց՝ 3 տարվա գործունեությունը»։

Հովսեփյանի խոսքով՝ ինքը գիտեր, որ կալանավորվելու է. «Եվ ձգտում էի ավելի շատ ամառանոցում լինել, որ հանկարծ ընտանիքիս անդամների ներկայությամբ ինձ չձերբակալեն. եւ դա տեղի ունեցավ ամառանոցում։ Քննիչն ինձ ասաց հետեւյալը՝ պարոն Հովսեփյան, բա ես պիտի պաշտպանեմ չէ՞ այս երկու անձի շահերը. այսինքն՝ քննիչն իրեն դրել է տուժողների լիազոր ներկայացուցչի կարգավիճակում»։

Նշենք, որ այս պահին պաշտպանները դատարանին միջնորդում են Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխել։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին Հովսեփյանի պաշտպանները դատավոր Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, ինչը մերժվել էր։

Ըստ մեղադրանքի՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:

Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ նույն ժամանակաշրջանում Աղվան Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված եւս երկու ընկերության կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը: Մասնավորապես` նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» եւ «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող եւ իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր հէկերի կառուցման եւ շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ: Հովսեփյանին վերագրվում է նաեւ այլ ենթադրյալ հանցավոր արարքների կատարում:

Նշենք, որ Աղվան Հովսեփյանը մեղադրանքը չի ընդունում: Նրա պաշտպանները պնդում են, որ Հովսեփյանն ակնհայտ ապօրինի պահվել է կալանքի տակ եւ պահանջում են այդ առիթով քրեական գործ հարուցել: