Search
Close this search box.

Զոհվածի հայրը հացադուլ է սկսել ու հայտարարել՝ մինչև մայիսի 8-ը Նիկոլ Փաշինյանի չձերբակալվելու դեպքում կինքնահրկիզվի

44-օրյա պատերազմում զոհված Լևոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանն ապրիլի 25-ից հացադուլ է հայտարարում։ Ինչպես քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց զոհվածի հայրը, ինքը հացադուլը կշարունակի մինչև մայիսի 8-ը, իսկ, եթե մինչ այդ համապատասխան մարմինները չձերբակալեն Նիկոլ Փաշինյանին, ապա ավելի ծայրահեղ քայլի կգնա։

«Ես չեմ կարող նայել, թե ինչպես է Հայաստանը կործանվում։ Գնում եմ ծայրահեղ քայլ․ մինչև մայիսի 8-ը հացադուլ եմ հայտարարում․ մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրն ավելի ծայրահեղ քայլի կգնամ՝ Հանրապետության հրապարակում կինքնահրկիզվեմ, որովհետև այս կերպ էլ հնարավոր չի ապրել։ Չգիտեմ՝ էլ ինչ կարող է լինել, որ մենք ձերբազատվենք այդ վարչապետ կոչեցյալից։ Ուզում եմ դիմել ՀՀ Դատախազությանը, ԱԱԾ-ին, որ ձերբակալեն դավաճանին՝ Հայաստանում վարչապետի աթոռին նստած այդ թշնամու գործակալին»,-նշեց Միսակ Ավետիսյանը։

Լևոնը, ինչպես նշեց հայրը, ավագ լեյտենանտ էր և ծառայում էր Մատաղիսում։ Պատերազմի ընթացքում ցուցաբերած արիության համար նշանակվել է գումարտակի փոխհրամանատար։ Միսակ Ավետիսյանի խոսքով՝ որդին Մատաղիսը Երևանի չափ կարևորում էր․

«Հոկտեմբերի 6-ին իր վաշտով փորձել է հետ բերել Մատաղիսը ու զոհվել է։ Ես ժողովրդի առաջ խոստանում են՝ Նիկոլ Փաշինյանի ձերբակալումից հետո անել ամեն ինչ, մինչև արյան վերջին կաթիլս պայքարել՝ Մատաղիսը հետ բերելու համար»,-հայտարարեց զոհվածի ծնողն ու հավելեց, որ Փաշինյանի հայտնի հայտարարությունը նշանակում էր՝ ես եմ սպանել ձեր տղաներին․ բան կա ասելու, եկեք ասեք, բայց ոստիկանությունը թույլ չի տվել Նիկոլ Փաշինյանին մոտենալ։

Լրագրողի հարցին՝ ի՞նչ նպատակով էր ուզում մոտենալ Փաշինյանին, զոհված զինծառայողի հայր Միսակ Ավետիսյանը պատասխանեց․ «Կհարցնեի՝ ի՞նչ հաճույք ես զգում հայի արյուն թափելուց։ Նա կանխամտածված հրահրեց պատերազմ, այնպես արեց, որ մենք պարտվենք։ Զինվորները, սպաները, որ զոհվեցին, նրանց բոլորի արյունը Նիկոլի վրա է»։