Search
Close this search box.

ՔՊ-ական խմբակը մաքրում է 1921-ի ոճիրը․ Ահա թե ինչն են փոխելու Սահմանադրության մեջ

Կարեւոր է, որ հայ-թուրքական կարգավորման բանակցությունները սկսել են առանց նախապայմանների, ասել է Սահմանադրական բարեփոխումների նորանշանակ խորհրդի անդամներից մեկը։ «Առանց նախապայմանների» մանթրան Հայաստանին պարտադրվող ծրագրերի թշնամական քարոզչական ծուղակներից է, ինչպես «հայ-ադրբեջանական սահման», «խորհրդային քարտեզներով սահմանազատում», «ՀՀ սուվերեն տարածք» (նկատի ունենալով ներկայիս շփման գիծը) եւ այլն։ Քարոզչական այս հնարքները հայ հանրությանն ապակողմնորոշելու նպատակ ունեն

Հատուկ բանագնացների առաջին հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նույնպես նշեց, որ բանակցություններն առանց նախապայմանների են ընթանում, այդպիսով աջակցելով ՔՊ-ական խմբակին։ Թուրքական նախապայմանները հայտնի են, եւ դրանք կապված են ոչ միայն Թուրքիայի, այլեւ Բաքվի պահանջներին։ Անկարան բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու են Բաքվի շահերը եւ պահանջները հաշվի առնելով։

Թուրքիայի ու Բաքվի պահանջները հանգում են Հայաստանի կողմից դրանց ճանաչմանը եւ հայկական պահանջներից հրաժարվելուն։ ՔՊ-ական խմբակը ճանաչել է պատերազմի արդյունքները, Արցախի պատկանելությունը Բաքվին եւ Հայաստանի տարածքի էքստերիտորիալության պահանջը։ Հայ-թուրքական «առանց նախապայմանների կարգավորման» իմաստը Թուրքիայի պահանջների ու սահմանների ճանաչումն է՝ Մոսկվա/Կարս/Լոզան 1921-1923 թվականների պայմանագրային հենքի անվերապահ իրավական ճանաչմամբ։

2020-ի ռուս-թուրքական արշավը Հայաստանի դեմ պայմանավորված էր այդ պայմանագրերի գործողության ժամկետի սպառման հանգամանքով։ Փաշինյանը եւ ՔՊ-ական խմբակը ոչ միայն ճանաչում են Պուտին-Լավրովի պլանի իրավազորությունը եւ պատերազմի արդյունքները, այլեւ դրա «հիմքերը»՝ մաքրելով ու ընդլայնելով 1921-1923-ի արյունոտ ոճիրը։

Ոճիրն օրինականացնելու հաջորդ քայլը ՀՀ հիմնարար փաստաթղթերը վերանայելն է, այդ թվում Սահմանադրությունը։ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ դա չի նշանակում սահմանադրական փոփոխություն, ինքը դեմ է կառավարման խորհրդարանական կարգը փոխելուն, եւ որ խնդիրը Սահմանադրությունը «ռեւիզիայի» ենթարկելն է, ըստ որի պետք է պարզեն՝ որ դրույթներն են գործել, որոնք՝ ոչ։ Անկարայի խոսնակը՝ Ալիեւը, արդեն մի քանի անգամ խորհուրդ է տվել փոխել Սահմանադրությունը եւ համապատասխանեցնել «ստեղծված իրողություններին»։ Այսինքն, պահանջատիրության, հայկական իրավունքների ցանկացած ակնարկ պետք է բացառվի։

Այս ֆոնին պարզ է դառնում «առանց նախապայմանների կարգավորման» իմաստը։ Դա հայկական կողմի որեւէ իրավունքների ու պահանջների բացառման նախապայմանի ընդունումն է։ Թուրքիան ու Բաքուն եւ այս ծրագրերի հովանավոր ու առաջնորդող Մոսկվան հասկանում են, թե որքան հաստ է հայկական իրավունքների ու պահանջների թաղթապանակն ու ըստ այդ որքան խորը՝ իրենց գործած ոճիրը, ու ամեն գնով ձգտում են դրանց չեզոքացմանը։ «Պիտի հարաբերությունները կարգավորենք, որ սահմաններին չկրակեն ու չսպանեն»՝ թշնամական ծրագրերի հայ սպասարկուները այսպես են շարունակում ռուս-թուրքական սպառնալիքներն ու շանտաժը հայ ժողովրդին։

Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորումն» այս ծիրում տանելու է հայկական պետության եւ իր պատմական բնօրրանում հայերի վերացման։
lragir.am