Search
Close this search box.

Դավիթ Տոնոյանը, «Պատրոն Դավոն», Ավետիք Մուրադյանը Ստեփան Գալստյանը կշարունակեն մնալ կալանավորված

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կշարունակեն մնալ կալանավորված, իսկ գործով անցնող Արտյոմ Համբարյանը 5 մլն գրավի դիմաց ազատ կարձակվի։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, Դավիթ Տոնոյանի, Ավետիք Մուրադյանի, Ստեփան Գալստյանի և Դավիթ Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողել է անփոփոխ՝ մերժելով պաշտպանների միջնորդությունը։ Ամբաստանյալ Արտյոմ Համբարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց գրավով, որը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո Համբարյանն ազատ կարձակվի։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատաքննության նախապատրաստման փուլում քննարկվել է կալանավորված մեղադրյալների խափանման միջոցի հարցը։ Դատախազը պահանջել է վերջիններիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ։ Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդել են Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել, Տոնոյանի համար երաշխավորել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը ,«Նավակ Ճոճող»-ը՝ Վիլեն Գաբրիելյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը։