Search
Close this search box.

Սյունիքից պատասխանում են վարչապետին ու ԱԳ նախարարին

Սյունիքում զարմանալի ու անտրամաբանական են որակում վարչապետի ու ԱԳ նախարարի հայտարարությունները, որ Բաքվին առաջարկվել է զորքերը հայելային տարբերակով հետ քաշել, որից հետո պետք է իրականացվի սահմանազատման-սահմանագծման գործընթացը։ Սյունիքի մարզի համայնքների ներկա ու նախկին ղեկավարները նշում են, որ հայկական կողմը հետ քաշվելու տեղ չունի, հակառակը՝ պետք է հեռանան ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիները։

Դավիթ Բեկ գյուղի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց․ «Բա մենք հետ գնալու տեղ ունե՞նք, որ հետ գնանք։ Մենք հետ գնալու տեղ չունենք, մենք շփման գծով կանգնած ենք, այդ սահմանից հետո գնալու տեղ չունենք, ադրբեջանցիները պիտի հետ գնան»։

Խոզնավար գյուղի նախկին վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը Lragir.am-ի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանիցները դեռ Հայաստանի տարածքում են, չեն հեռանում, այս պայմաններում ինչո՞ւ պետք է հայկական զորքերը հայելային հետ քաշվեն։ «Փաստացի այսօր իրենք մեր տարածքում են, օրինակ, Սև լճի հատվածում։ Բացի դա՝ մեզնից 800 մետր հեռավորության վրա կանգնած են, ասում են, որ այստեղ իբրև իրենց նախկին սահմանն է եղել։ Ես չեմ հասկանում՝ խի՞ մենք պիտի հետ քաշվենք, մենք պետք է հետ գնանք, որ սահմանազատում լինի՞։ Մենք հետ գնալու տեղ չունենք, մնում է Երևանը։ Էսօր մեր գյուղը իրենցով լրիվ շրջապատված է, մի քիչ էլ առաջ եկան, վերջ, գյուղն իրենցն է։ Լավ օրի չհասանք»,- ասաց նա։

Վարո Գրիգորյանի խոսքով՝ Սև լիճը նախկինում երբեք ադրբեջանցիներինը չի եղել, բայց այսօր նրանք լճի տարածքում նստած են․ «Դաժան իրավիճակ ա, չենք հասկանում ինչ է լինելու։ Եթե գյուղից դուրս ենք գալու, էլ խի՞ են էսքան պահում մեզ, թող պարզ ասեն»։

Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի նախկին ղեկավար Սպարտակ Զաքարյանն էլ նշեց․ «Եթե մենք հետ քաշվեցինք, մեր տներից պիտի քաշվենք»։

Նշենք, որ ամիսներ առաջ Սյունիքի Ագարակ գյուղ տանող ճանապարհն ամբողջովին ադրբեջանական նշանառության տակ էր հայտնվել, ինչի հետևանքով գրեթե շրջափակման մեջ են հայտնվել Ագարակ, Եղվարդ, Ուժանիս, Խդրանց գյուղերը։ Ըստ Սպարտակ Զաքարյանի՝ Եղվարդ գյուղի տարածքը հսկվում է սահմանապահների կողմից։ «Մի երկու սահմանապահ ունենք, նրանց էլ հետ քաշեցինք, ուրեմն մենք էլ հետները պիտի հետ քաշվենք։ Եթե մենք հետ քաշվենք, կնշանակի, որ մեր գյուղերից պիտի դուրս գանք, կնշանակի մեր բնակավայրերը զիջել։ Արդեն հասել են մեր բնակավայրերին, ո՞ւր հետ քաշվենք, հետ քաշվելու տեղ չունենք։ Մյուս հարցը՝ եթե սահմանազատում-սահմանագծում չկա, մինչև հիմա մեր զորքերը ինչի՞ էին հետ քաշվում, թող սահմանազատում անեին, հետո հետ քաշվեին։ Հիմա էլ ո՞ւր պիտի հետ քաշվենք, եկել ենք, մեր տներում նստել ենք, արդեն չգիտենք էլ ինչ անենք»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Սպարտակ Զաքարյանը։

Նա նշեց, որ հայկական կողմը որևէ խախտում չի արել․ «Ես ինչքան տեսնում եմ, մենք խախտած տեղ չունենք, իրենք են խախտել, իրենք էլ պետք է հետ քաշվեն։ Մեր համայնքում էլ են խախտել տարածքը, ես հաստատ գիտեմ, որ խախտել են։ Եթե սահմանազատումը արդարացի լինի, մենք կարող ենք ապացուցել դա։ Իշխանությունն էլ ասում է՝ չեն խախտել, հետ գնացեք, դա իրենցն է, տվեք։ Դե տվեք, տեսնենք ինչ է լինելու»։