Search
Close this search box.

Ուղիղ միացում. Իրավիճակը լարված է. Վարդենիսում տեղի է ունենում նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությունը

Վարդենիսում այսօր` հունվարի 5-ին, տեղի է ունենալու նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությունը:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահի մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացել համայնքապետարանի շենքի ե΄ւ ներսում, ե΄ւ դրսում:

Նշենք, որ երեկ Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն առաջարկեց ընդդիմությանը վայր դնել մանդատները ու նոր ընտրություններ անցկացնել: Արամ Մելքոնյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 30-ին ընդդիմադիր Ահարոն Խաչատրյանի ընտրվելը որպես համայնքապետ, իրավական տեսանկյունից առոչինչ է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։

Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։

Դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ավագանու անդրանիկ նիստը: Մինչեւ նիստի սկսելը ոստիկանությունը փորձել էր բերման ենթարկել ավագանու ընդդիմադիր մեկ այլ անդամի՝ Ահարոն Խաչատրյանին, որը համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն է։ 3 ժամ անց ընդդիմությանը ի վերջո հաջողվել էր նիստ հրավիրել եւ համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: ՔՊ-ականները նիստին չեն մասնակցել: