Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Սահակյանի (Ռիժիկի) ծնունդը նշեցին առանց նրա ֆիզիկական ներկայության. այսօր նա կդառնար 21 տարեկան

Հայկը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում։ 2006-2015 թվականներին հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոց։ 2015-2018 թվականներին սովորել է թիվ 65 ավագ դպրոցում։ Փոքր հասակից հետաքրքրված է եղել երաժշտությամբ։ 2007-2014 թվականներին հաճախել է Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը, 2015-2018 թվականներին սովորել է նույն դպրոցի կոնտրաբասի բաժնում և նվագել օրկեստրում։ Փոքր տարիքում խաղում էր մյուզիքլներում, երգում էր։ 2010-2013 թվականներին խաղացել է բասկետբոլի ԽՄՕՄ թիմում։ Ցանկություն է ունեցել ընդունվել կոնսերվատորիա, սակայն միշտ երազել է ճարտարապետ դառնալու մասին։

2018 թվականին Հայաստանի ազգային ագրարային համալսարան ընդունվելուց հետո մտափոխվել է և տեղափոխվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ Շատ էր սիրում գիրք կարդալ, ընդլայնել իր գիտելիքները։

2019 թվականի հունվարի 31-ին զորակոչվել է ծառայության՝ Հադրութի զորամասում։ Մասնակցել է Հայ-ադրբեջանական պատերազմին։ Պատերազմի ընթացքում մշակել է շրջափակումից դուրս գալու ծրագիրը և հաջողել։ Ընկերների հետ, 8 ժամ անընդմեջ քայլելով, զինակիցներին սնունդ է հասցրել։ Կրակի գոտուց դուրս է բերել զոհված ընկերներին։

Քաջաբար ընկել է հոկտեմբերի 1-ին՝ Հադրութում թեժ կռվի ժամանակ ընկերոջ կյանքը փրկելիս։ Վերադարձին մնացել էր 4 ամիս։ Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Հետմահու արժանացել է Արիության մեդալի։