Search
Close this search box.

Նիդեռլանդներն արգելել է 5G-ի դեմ կախազարդերի եւ ապարանջանների վաճառքը. դրանք ճառագայթում են

Ն«Քվանտային կախազարդեր», «իոնային վզնոցներ» եւ այլ ապրանքներ, որոնք բնութագրվում են որպես «5G բջջային ցանցի ազդեցությունից պաշտպանության միջոցներ», ճառագայթում են եւ վտանգավոր են առողջության համար, զգուշացրել է Նիդեռլանդների միջուկային անվտանգության եւ ճառագայթային պաշտպանության գործակալությունը, գրել է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գործակալությունը հրապարակել է վաճառքի համար մատչելի, այսպես կոչված, «պաշտպանիչ» աքսեսուարների ցուցակը, որոնք, հետազոտության արդյունքներով, ռադիոակտիվ են ճանաչվել։

«Չափումները ցույց են տվել, որ այս կոնկրետ առարկաներից ճառագայթման մակարդակը ցածր է: Այնուամենայնիվ, եթե մարդը երկար ժամանակ կրում է դրանք, նա պոտենցիալ կերպով ենթարկվում է վնասակար ճառագայթման՝ գերազանցելով Նիդեռլանդներում գործող խիստ չափանիշները», – ասվում է գործակալության հայտարարության մեջ:

ANVS-ը հորդորել է «քվանտային կախազարդերի», «առողջության ապարանջանների», քնի դիմակների եւ «բացասական լիցքավորված» իոններով վզնոցների տերերին անհապաղ դադարեցնել դրանց օգտագործումը եւ դրանք ապահով վայրում պահել։ Նիդեռլանդների գերատեսչությունը ծրագրում է շուտով ռադիոակտիվ նյութերի անվտանգ վերադարձի համար հրահանգներ թողարկել։