Search
Close this search box.

ԱՄՆ դոլարի փոխարժեքը Հայաստանում. անցած դեկտեմբերի «սցենարն» արդեն բացառվո՞ւմ է

Դատելով Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքի դինամիկայից՝ դեկտեմբերի վերջին տասնամյակում 500 դրամի հոգեբանական նշաձողը չի հաղթահարվի։ Եթե, իհարկե, ֆորսմաժորային հանգամանքներ չլինեն։

Հիշեցնենք, որ հակառեկորդը՝ այս մակարդակի գերազանցմամբ, սահմանվեց անցյալ տարվա նոյեմբերի 19-ին։ Մինչ այդ, ամբողջ մեկուկես տասնամյակ Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքն այս նշագծին չէր հասնում։

Անցած տարին նշանավորվեց մեր երկրում COVID-19 համավարակի տարածման սկիզբով։ Աշխարհի բոլոր երկրների համար ընդհանուր այս խնդիրը Հայաստանում խորացավ Արցախյան 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքներով։

Ինչպես հայտնի է, մեր երկրի համար արժույթի ամենակարեւոր աղբյուրներից մեկը արտերկրից դրամական փոխանցումներն են Հայաստանում ֆիզիկական անձանց։ Անցյալ տարվա նոյեմբերին այս տարածքի համար բավականին հազվադեպ երեւույթ գրանցվեց՝ դրամական փոխանցումներով արժույթի արտահոսքը 15 մլն դոլարով կամ 10%-ով գերազանցեց ներհոսքը։ Նախորդ տարվա նոյեմբերին նկատվեց ուղիղ հակառակ պատկերը՝ արտարժույթի ներհոսքը գրեթե 35 մլն դոլարով (կամ 28%-ով) գերազանցեց արտահոսքը։

Այսպիսով, անցած տարվա նոյեմբերին դրամական փոխանցումների բացասական բալանս ծագեց, ինչն անդրադարձավ նաեւ արտարժույթի շուկայի վրա։ Բայց պատկերը կտրուկ փոխվեց դեկտեմբերին, երբ փոխանցումների ներհոսքը մոտ 66 մլն դոլարով (կամ 49%-ով, այսինքն՝ գրեթե մեկուկես անգամ) գերազանցեց արտահոսքը։ Բոլորը գիտեն, որ դա մեր հսկայական սփյուռքի շնորհիվ է, որը որոշել է նյութապես աջակցել իր պատմական հայրենիքին՝ նրա համար այս դժվարին պահին։

Սակայն 2020 թվականի դեկտեմբերին փոխանցումների դրական սալդոյի աճը (նախորդ ամսվա՝ նոյեմբերի համեմատ) Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազման չհանգեցրեց։ Ըստ ամենայնի, այլ գործոնների ազդեցությունը արտարժույթի շուկայում կանխորոշիչ էր։ Հետեւյալ գրաֆիկում ցույց է տրված ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքի դինամիկան 2020-2021 թվականների նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին (հաշվետու դեկտեմբերը՝ մինչեւ 18-ը ներառյալ): Ինչպես ենթադրվել էր «Ինչպիսին կլինի դոլարի փոխարժեքը Նոր տարվա նախաշեմին, եւ ով է շահագրգռված «ուժեղ» ինվալյուտայի հարցում» (news.am) հոդվածում, ԱՄՆ դոլարի փոխարժեքն այժմ 470-ից 500 դրամի «միջակայքում» է։

Այս տարի սկսված համաշխարհային ինֆլյացիան սպառնում է բոլոր երկրներին։ Սակայն հատկապես դժվար է, այսպես կոչված, «զարգացող երկրների» համար, որոնց թվում է Հայաստանը։ Տարիներ առաջ ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարեց «ինֆլյացիոն թարգեթավորման ռազմավարության» անցնելու մասին։ Պարզ ասած՝ արտարժույթների փոխարժեքը կարգավորելու փոխարեն այժմ ուշադրություն է դարձվում ինֆլյացիայի կառավարման վրա։ Իրական հնարավորությունների սահմաններում, բնականաբար։

Օրինակ, այս քաղաքականության շրջանակներում կարգավորիչը վերջերս վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց 0,5 տոկոսային կետով՝ մինչեւ 7,75%։ Կօգնի՞ արդյոք այս միջոցը զսպել ինֆլյացիան, առայժմ պարզ չէ: Բայց այն, որ վարկերի անխուսափելի «թանկացումը» բացասաբար կանդրադառնա հայրենական բիզնեսի վրա, ապացուցման կարիք չունի։

Հայտնի է, որ ազգային արժույթի թուլացումը հանգեցնում է ներկրվող ապրանքների թանկացման։ Իսկ այստեղից՝ նաեւ տեղական արտադրության ապրանքների, որոնք պատրաստվում են ներմուծվող հումքից։
Ընդգծենք, որ մայիս-հուլիս ամիսներին դեֆլյացիան կապված է բուսաբուծական մթերքների (բաց հողից) բերքահավաքի սկզբի հետ։ «Թարմ» ապրանքների զանգվածային մատակարարումը շուկա սովորաբար նպաստում է այս սեզոնին դրանց գների նվազմանը։ Այսինքն՝ այս ժամանակահատվածում գների անկումը ոչ մի կերպ կապված չէ կարգավորողի գործողությունների հետ։ Չէ որ սովորաբար սեզոնի ավարտից հետո տեղական արտադրության բանջարեղենի եւ մրգերի գները կրկին բարձրանում են։

Դեկտեմբերի վերջին տասնամյակը առանձնահատուկ նշանակություն ունի արտարժույթի շուկայի համար։ Նոր տարվա նախաշեմին այս օրերին պահանջարկ ունեցող պարենային ապրանքների գները գրեթե ժամ առ ժամ են աճում։ Տոնն ինչ-որ կերպ նշելու համար շատ ընտանիքներ այդ նպատակով ստիպված են իրենց վերջին խնայողությունները ծախսել։

Հաշվի առնենք մի կարեւոր հանգամանք՝ կապված այն տնային տնտեսությունների հետ, որոնք փոխանցումներ են ստանում արտերկրից։ Դրանցից շատերը՝ նոյեմբեր-դեկտեմբերին ստացած արժույթի որոշակի մասը հատուկ նախատեսում են նախատոնական գնումների համար։ Դոլարների, ռուբլու եւ եվրոյի այս լայնածավալ ներհոսքը արտարժույթի շուկա պետք է օբյեկտիվորեն նպաստի առաջատար արժույթի՝ ԱՄՆ դոլարի նվազմանը։
news.am