Search
Close this search box.

Տիգրան Ավինյանը կարող է նշանակվել Զանգեզուրի կոմբինատի տնօրեն

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը կառավարությունում քննարկվում է իբրև Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի (ԶՊՄԿ) տնօրեն։ Այս մասին չորեքշաբթի խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Ավինյանի թեկնածությունը քննարկվում է, երբ լինի վերջնական որոշում՝ կիմանաք», – նշել է նա՝ հավելելով, որ Ավինյանի թեկնածության քննարկման պատճառը նրա՝ քաղաքական թիմի անդամ լինելու հանգամանքն է։ «Տիգրան Ավինյանը քաղաքական թիմի անդամ է, վարչության անդամ է մնում («Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» – խմբ.)», – հավելեց նա։

Հիշեցնենք, որ Ավինյանը 2021-ի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին չէր մասնակցել՝ ակնարկելով, որ «բիզնեսը պետք է տարանջատված լինի քաղաքականությունից»։ Մամուլում դրանից հետո բազմաթիվ տեղեկություններ հայտնվեցին, որ Ավինյանն այս կերպ իր անհամաձայնությունն է հայտնում ՔՊ ցուցակի անցողիկ տեղերում գործարարներ Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի հայտնվելու հետ։