Search
Close this search box.

ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ընդգծել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գորերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկա Օլսոնին՝ շնորհավորելով նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթելով իր պատասխանատու առաքելության մեջ:

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում ԱԳ նախարար Միրզոյանը և պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի վերաբերյալ՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում: Այդ առումով կարևորվել է սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հնգակողմ հանդիպումը:

Քննարկվել է նաև Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը: Այդ համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական կրոնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման կարևորությունը:

Արարատ Միրզոյանը և Էրիկա Օլսոնը նաև քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ գոհունակություն հայտնելով տարբեր մակարդակներում առկա երկխոսության դրական դինամիկայի առնչությամբ: Զրուցակիցները կարևորել են ժողովրդավարական զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության (USASD) շրջանակում ձեռնարկվելիք համատեղ քայլերին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Հայաստանում իրականացվող ծրագրերին: