Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վահագ Ռաշն ու Սոնա Ռուբենյանը կատարում են Անահիտ Բախշյանի մոր երգը․ Անահիտ Բախշյանը պատմել է, որ երազին մայրն իրեն ասել է՝ այս երգն ափսոս է

Երգչուհի Սոնա Ռուբենյանն ու երգիչ Վահագ Ռաշը նոր տեսահոլովակ են ներկայացրել: Այն նկարահանվել է նրանց համատեղ դուետներից մեկի՝ «Պար պսակի» երգի հիման վրա:

Վահագն ու Սոնան երգն արդեն մի քանի տարի է՝ կատարում են:
Վահագ Ռաշը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ երգը ներկայացնելու գաղափարը հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանինն է:

Այս երգը Հալեպում հայկական համայնքի երգչախմբում տարիներ առաջ երգել է Բախշյանի մայրը: Ռաշը հայտնեց, որ խոսելով երգի ստեղծման մասին՝ Անահիտ Բախշյանը պատմել է, որ երազին մայրն իրեն ասել է՝ այս երգն ափսոս է, հետեւաբար ինքը պետք է Գոհար Գասպարյանին խնդրի, որ նա կատարի:

Անահիտ Բախշյանը որոշել է կատարել մոր պատգամը: Սակայն ինչ-ինչ պատճառներով Գոհարը չի ստանձնել այդ պատասխանատվությունը: Տարիներ հետո լսելով Սոնայի եւ Վահագ Ռաշի համատեղ «Համբույրի մը մեջ» դուետը՝ Անահիտ Բախշյանը Վահագին առաջարկել է խոսել Սոնայի հետ եւ կատարել այն:

Վահագն ու Սոնան առաջին անգամ 2017 թվականին են համատեղ կատարել «Պար պսակի» երգը:

«Երգը շատ հավանեցինք: Բավականին երկար ժամանակ աշխատեցինք գործիքավորման վրա եւ ստացանք լավ արդյունք: Այն շատ հարազատ է ինձ ու հասցրել եմ սիրել»,- ընդգծեց Վահագ Ռաշը:

Երգի վերջին երկու տունն ավելացրել են՝ այն ավելի երկար եւ տպավորիչ դարձնելու համար, իսկ երկու տան բառերը գրել է Սոնա Ռուբենյանի մայրը: Վահագը նաեւ հայտնեց, որ տեսահոլովակի մտահղացումն էլ է Անահիտ Բախշյանինը. նրա քույրերի եւ եղբոր հովանավորությամբ է այն նկարահանվել:

«Պար պսակի» բառերի հեղինակը Պարգեւ Տեր-Պողոսյանն ու Արմինե Սարգսյանն են, երաժշտություն հեղինակը Պարգեւ Տեր-Պողոսյանն է, գործիքավորումը՝ Վահագ Ռաշինը:

Տեսահոլովակում մասնակցություն են ունեցել բալետի արտիստներ Րաֆֆի Գալստյանը, Սուսաննա Խաչատրյանը, ալտահար Հայկազ Կարապետյանը:

Նկարահանումներին մասնակցել են նաեւ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի պարուհիները: