Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողները բարեգործական հիմնադրամների հետ համատեղ իրականացված ակցիայի շրջանակում օգնություն են ցուցաբերել բազմազավակ ընտանիքներին և տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղի Ճարտար բնակավայրում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի մասնագետներն, իրենց հերթին, ընդունել և նեղ մասնագետների (վիրաբույժ, լոռ, ակնաբույժ, նյարդաբան) խորհրդատվություն են կազմակերպել բնակիչների համար: Բժիշկների աշխատանքի համար հատկացվել է տեղի պոլիկլինիկան:

Ճարտարի մշակույթի տանը հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները երեխաներին դպրոցական պարագաներ և ձմեռային կոշիկ են հանձնել:

Նշվում է, որ Ռուսաստանից բարեգործական կազմակերպությունների ուղարկած հումանիտար բեռը խաղաղապահ զորակազմի ռազմատրանսպորտային օդանավերով Լեռնային Ղարաբաղ է տեղափոխվել «Էրեբունի» օդանավակայանից:

«Այսօր հումանիտար-բժշկական ակցիա է իրականացվել Ճարտար բնակավայրում: Հումանիտար ակցիայի շրջանակում ավելի քան 120 ընտանիք ապահովվել է կոշիկով՝ տղաների և աղջիկների, ինչպես նաև կանանց համար: Ընդհանուր առմամբ, 360 մարդ օգնություն է ստացել: Բժիշկների մոտ ընդունելության է ներկայացել ավելի քան 120 մարդ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։