Search
Close this search box.

Իրանը հայտնել է նպատակների մասին

Իրանի հյուսիս-արեւմուտքում իրավիճակի լուծումն այն է, որ կանխարգելվի այդ տարածաշրջանում օտարերկրյա բանակների միջամտությունը: Այդ մասին հայտարարել է ԻԻՀ գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Սայեդ Խամենեին։

«Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն, հարևան երկրների սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է, և մենք օտարների գործողություններին պատասխանելիս չենք հապաղելու։ Միաժամանակ չենք հանդուրժելու, որ որևէ երկրի տարածք սիոնիստական ռեժիմի գործունեությանը ծառայի», ասվում է Իրանի խորհրդարանի պատգամավորների հայտարարության մեջ:

«Իսրայելն օգտագործեց Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության աճը Ադրբեջանի որոշ մասերում իր ներկայությունը հաստատելու համար։ Տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունը, սահմանների փոփոխությունը չենք կարող հանդուրժել, մենք դրա նկատմամբ մեծ զգայունություն ունենք», ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

ԻՀՊԿ ցամաքային զարքերի հրամանատար Մոհամմադ Փափքուրը զգուշացրել է, որ չի կարելի թույլ տալ Զանգեզուրի միջանցքի բացումը, եւ որ հայ-իրանական սահմանը կարմիր գիծ է իրենց համար։ Այսինքն, այդ սահմանի երկայնքով չի կարող լինել Ադրբեջանը Նախիջևանին և Թուրքիային միացնող միջանցք։

Պաշտոնական Երևանը լռում է իր սահմանների մոտ Իրանի խոշոր զորավարժությունների մասին: Սոցիալական ցանցերում քննարկվում են տարբերակներ, ընդհուպ այն, որ եթե Հայաստանը չպայքարի «Զանգեզուրի միջանցքի» բացման դեմ, ապա Իրանը կարող է զորք մտցնել Հայաստանի տարածք:

Բաքվում նույնպես քննարկում են հավանական տարբերակները։ Մասնավորապես՝ տագնապով են խոսում հնարավոր պրոքսի-պատերազմի մասին, որը Իրանը կարող է ծավալել շիա հոգեւորականների ցանցի միջոցով և ներսից պառակտել Ադրբեջանը։

ԱՄՆ, Ֆրանսիան և Ռուսաստանը հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերի վերսկսման մասին։ Մոսկվան ու Բաքուն փորձում են Մինսկի խմբի գործունեությունը սահմանափակել հումանիտար հարցերով։ Բանակցությունների վերսկսումը ՄԽ շրջանակներում կնշանակի, որ կոմունիկացիաների բացումը, սահմանազատումը և այլ հարցեր ռուս-թուրքական «եռակողմ» ձեւաչափից կտեղափոխվեն ավելի բարձր հարթակ։

Սոչիում Պուտինի և Էրդողանի հանդիպումից հետո Մոսկվան ու Անկարան փորձում են արագացնել գործընթացները։ Իրանի զորավարժությունը դրա պատասխանն է։
Lragir.am