Search
Close this search box.

Օրենքում ներառվել է մի միջոց, որը չդասակարգված զեկույց կպահանջի Ադրբեջանում, ՀՀ-ում և ԼՂ-ում ապագա ռազմական գործողությունների հավանականության վերաբերյալ. Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Ադամ Շիֆն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Նա նշել է, որ, չնայած Ադրբեջանի և Հայաստանի հրադադարի համաձայնությանը, Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան շարունակվում է, հազարավոր անմեղ քաղաքացիներ դեռ ապրում են վախի մեջ, և սպառնալիքը մնում է, նրա խոսքով, խիստ բարձր:

՛՛Շատ կարևոր է, որ մենք մանրակրկիտ հասկանանք ներկա իրավիճակը և տեսնենք բոլոր հնարավոր սպառնալիքները, որպեսզի ավելի լավ պատրաստ լինենք ապագա մահացու հակամարտությունները կանխելուն:

Ահա թե ինչու Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը, իմ և կոնգրեսական Ջեքի Սփիերի ջանքերով, 2022 թվականի հետախուզության մասին օրենքում ներառել է մի միջոց, որը չդասակարգված զեկույց կպահանջի Հարավային Կովկասում՝ ներառյալ Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, ապագա ռազմական գործողությունների հավանականության վերաբերյալ՛՛,-նշել է Շիֆը:

Նա նաև հավելել է, որ իրենք պետք է օգտագործեն մեր տրամադրության տակ եղած յուրաքանչյուր գործիք`ապահովելու Հայաստանի և Արցախի ժողովրդի համար խաղաղության պահպանումը: