Search
Close this search box.

ՊԵԿ-ը չի հերքում, որ Հովիկ Աբրահամյանի ընկերություններին 180 մլն դրամով տուգանել է. armtimes.com

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանել են armtimes.com-ի գրավոր հարցման մեջ տեղ գտած 4 հարցից ընդամենը 1-ին: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին ուղղված մեր գրությամբ նախ խնդրել էինք պարզաբանում տրամադրել մամուլի այն հրապարակման վերաբերյալ, որի համաձայն՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայաններում կատարված ստուգումների արդյունքում շուրջ 180 միլիոն դրամ տուգանքի արձանագրություն է կազմվել:
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության կողմից 2017թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ոլորտային հսկողական աշխատանքների շրջանակներում ստուգումներ են իրականացվում հանրապետությունում գործող գազալիցքավորման գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնց արդյունքում 18 տնտեսվարող սուբյեկտներում արձանագրվել են ՀԴՄ շահագործման կանոնների խախտումներ: Ոլորտում հսկողական աշխատանքներն այժմ շարունակվում են»,- ասված է ՊԵԿ լրատվականի պատասխանում:
Մենք Վարդան Հարությունյանին խնդրել էինք տեղեկություն տրամադրել նաեւ հետեւյալ հարցերի վերաբերյալ՝ արդյո՞ք ստուգումները եղել են Արարատի մարզի գազալցակայաններում, որքա՞ն է կազմել տուգանքների չափը, ո՞ր ընկերություններն են տուգանվել եւ որքա՞ն: Այս հարցերը ՊԵԿ լրատվականում կամ չեն կարդացել կամ կարդացել, բայց չկարդալու են տվել, քանի որ նշել են. «Կոնկրետ հարկ վճարողի կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն հրապարակել հնարավոր կլինի կամ տնտեսվարող սուբյեկտի անվանման կամ էլ վերջինիս ՀՎՀՀ-ն տրամադրելու դեպքում, եթե դրանում իրականացվող ստուգումն արդեն ավարտվել է»: