Search
Close this search box.

Զորակոչիկի մեկից ավելի հիվանդությունները պետք է գնահատվեն ոչ թե առանձին-առանձին, այլ առողջության վրա ընդհանուր ազդեցությամբ. ՄԻՊ-ն առաջարկներ է ուղարկել ԱԺ և ՊՆ

Օրենքի պատճառով զորակոչիկի մի քանի հիվանդությունները բժշկական հանձնաժողովը դիտարկում է առանձին-առանձին, չի գնահատում հիվանդությունների համակցված ազդեցությունն իրենց առողջության վրա:

Արդյունքում, զորակոչիկները ճանաչվում են զինվորական ծառայության համար պիտանի՝ սահմանափակումով: Խնդիրն այն է, որ գործող օրենսդրության համաձայն՝ եթե զորակոչիկն ունի 5 և ավելի հիվանդություն (ծառայության համար սահմանափակում նախատեսող), ապա զինծառայությունից ստանում է տարկետում: Փաստորեն, գործող կարգավորումները նախատեսում են հիվանդությունների «քանակական փունջ, մինչդեռ կարևոր է, որ լինի նաև հիվանդությունների «որակական փունջ»։

Հիվանդությունների «որակական փունջ» սահմանված չլինելը բերում է մի վիճակի, որ բժշկական հանձնաժողովն այդ հիվանդությունները գնահատում է առանձին-առանձին՝ այլ ոչ թե ընդհանուր վերցրած, և արդյունքում անձը զորակոչվում է զինվորական ծառայության։

Սակայն զորակոչվելու դեպքում հնարավոր է զինապարտի փաստացի առողջական վիճակը թույլ չտա լիարժեք կերպով կատարել զինվորական պարտականությունները, և նույնիսկ մեծ հավանականություն կա, որ ծառայության ընթացքում ավելի կխորանան առկա հիվանդությունները, կամ նույնիսկ անձը ձեռք կբերի հաշմանդամություն։ Նմանատիպ բողոքներ են ստացվում հատկապես զորակոչերի ընթացքում: