Search
Close this search box.

Էմոցիաներ ու դրական լիցքեր. Մետալուրգի օրը «Թեղուտ» ընկերությունում

«Թեղուտ»-ի լեռնահարստացուցիչ կոմբինատի աշխատակիցների միջև անցկացվող վոլեյբոլի առաջնությունում հաղթող ճանաչվեց «Գարաժ Յունայթեդ» թիմը, որը համոզիչ հաղթանակ տարավ «Թեղուտ» թիմի նկատմամբ, որն էլ իր հերթին զբաղեցրեց պատվավոր երկրորդ տեղը:

Երրորդ տեղի համար պայքարում «Շինարար» թիմը հաղթեց «Ադմինիստրացիային»: Վոլեյբոլի ներկոմբինատային առաջնությանը ի սկզբանե հայտագրվել էր 9 թիմ, որոնց միջև ընթացած մրցապայքարի արդյունքում էլ ընտրվել էին առաջատարները:

Վոլեյբոլի ներկոմբինատային առաջնությունների կազմակերպումը «Թեղուտ»-ի լեռնահարստացուցիչ կոմբինատում տարիների պատմություն ունի և այն մշտապես կազմակերպվում է այնպես, որ եզրափակիչ խաղերը համընկնեն Մետալուրգի օրվա հետ, որը կոմբինատում նշում են նախորդ տարվա հաջողություններն ու ձեռքբերումներն ամփոփելով  և ապագայի պլանները նախանշելով:

Հուլիսի 14-ին կոմբինատի մարզադաշտում, բազմաթիվ հանդիսատեսների ներկայությամբ, տեղի ունեցան եզրափակիչ խաղերը, որոնք էլ ի վերջո որոշեցին հաղթողին և մյուս մրցանակային տեղերի հավակնորդներին: Խաղերի ավարտից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը:

«Թեղուտ»-ի լեռնահարստացուցիչ կոմբինատի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն հաղթողներին պարգևատրեց ոչ միայն առաջնության գլխավոր մրցանակ գավաթով և հուշամեդալներով, այլ նաև արժեքավոր նվերներով:

Սակայն մրցանակներից և նվերներից առավել կարևոր էր այն էմոցիոնալ և հոգեբանական լիցքը, որը կոմբինատի աշխատակիցները ստացան այդ մրցաշարի արդյունքում: Կոմբինատի աշխատակիցները մի մասը խաղերի մասնակցի, մյուսները՝ հանդիսատեսի կարգավիճակում, կարողացան իրար հետ շփվել ոչ աշխատանքային միջավայրում, ուր չկա ղեկավար և ենթակա հարաբերություններ, ուր մարդիկ համախմբված են մեկ միասնական ձգտման՝ հաղթելու գաղափարի շուրջ:

Ստացած   էներգիան և զգացողություններն անպայման իրենց դրական ազդեցությունն են թողնելու նաև հետագա աշխատանքում, նպաստելով կոմբինատի նորանոր հաջողություններին և ձեռքբերումներին: