Search
Close this search box.

Լարված իրավիճակ «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստում

Քիչ առաջ լարված իրավիճակ ստեղծվեց «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստի ընթացքում:

Երբ Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալ Սերգեյ Կյուրեղյանի կալանքը փոխելու վերաբերյալ, առարկությամբ հանդես եկավ մեղադրող դատախազներից Արամ Արամյանը, առարկության մեջ նշելով ամբաստանյալ բառը: Սա դուր չեկավ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանին եւ դիմելով դատախազին ասաց. «Ամբաստանյալ մի՛ ասա», ինչին ի պատասխան մեղադրող դատախազ Արամ Արամյանն ասաց. «Արա, դու ձենդ կտրի՛»: Լարված իրավիճակ ստեղծվեց, ամբաստանյալները զայրացան, սակայն նրանց հայտարարություններն ապակիներից այս կողմ գտնվող լրագրողների համար լսելի չէին: Դատավոր Արթուր Օհանյանը, սակայն մեղադրող դատախազի նկատմամբ սանկցիա չկիրառեց, ինչն ավելի զայրացրեց պաշտպանական կողմին:

Դեդ մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանն առարկեց նախագահողի գործողությունների դեմ, դատավորը, սակայն պարբերաբար ընդհատում էր Սահակյանին ասելով՝ թե նրան ձայնի իրավունք չի տալիս. «Դուք չեք զսպում մեղադրողին»,- ասաց Սահակյանը, ապա հավելեց. «Մեղադրողն իրեն թույլ է տալիս արտահայտություններ, որն անելու իրավունք չունի ընդհանրապես: Վիրավորում է դատավարության կողմին, սակայն դուք ոչինչ չեք ձեռնարկում, ավելին՝ ասում եք մեղադրողը ոչինչ չի արել, բոլորը տեսնում է են, թե ինչ է տեղի ունենում, եւ եթե դուք ասում եք, որ մեղադրողը ոչինչ չարեց, դա դեռ ոչինչ չի նշանակում:

Մինչ այս Սերգեյ Կյուրեղյանը միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելիս ասաց հետեւյալը. «ՀՀ-ի տարածքն ամբողջությամբ, հայ հողը սրբություն է հայ ժողովուրդի համար: Իսկ այն հայը, ով իր սրբությանը անվանում է ոչ էական նշանակություն ունեցող, չի կարող հայ համարվել, ինչպես նաեւ չի կարող լինել ՀՀ նախագահ: Ինչքան էլ փորձեք սրան դատավարության տեսք տալ, արդարանալու եք դուք եւ մեղադրողները, այս դատարանը Հայաստանի Հանրապետության դատարանը չէ, արդարադատության հետ որեւէ կապ չունի»,- ասաց նա,- գրում է Armtimes կայքը: