Search
Close this search box.

Հայտնի են հեռահար աշխատանքի համար աշխարհի լավագույն քաղաքները

Ավստրալիայի Մելբուրն քաղաքը հեռահար աշխատողների համար աշխարհում լավագույնն է ճանաչվել: Այս մասին հայտնել է CNBC-ն՝ վկայակոչելով Nestpick կահավորված բնակարանների վարձակալության հարթակի ուսումնասիրությունը:

Ուսումնասիրության ընթացքում փորձագետները գնահատել են այնպիսի գործոններ, ինչպիսիք են քաղաքների անվտանգությունը, առողջապահության հասանելիությունը, հանգստի եւ մշակութային ժամանցի ենթակառուցվածքների առկայությունը, գները, աշխատանքային տարածքով բնակարանների հասանելիությունը, COVID-19-ի դեմ պատվաստված բնակիչների մասնաբաժինը: Մելբուրնը առավելագույն միավորներ է վաստակել: Ավելին, այն դարձել է լավագույն տասնյակում միակը, որը հատուկ վիզա է առաջարկում «հեռահար աշխատողներին»: Նման վիզայի դեպքում հնարավոր է ազատորեն գալ երկիր՝ հեռահար ռեժիմով աշխատելու, հայտնում է Lenta-ն:

Առաջին տասնյակում են նաեւ (ըստ վարկանիշում տեղերի նվազման կարգի) Դուբայը, Սիդնեյը, Տալլինը, Լոնդոնը, Տոկիոն, Սինգապուրը, Գլազգոն, Մոնրեալը, Բեռլինը:

Ըստ Nestpick տվյալների՝ Մելբուրնում մեկ սենյականոց բնակարանի վարձը ամսական միջինը 681 եվրո է (59,2 հազար ռուբլի): Ամենացածր գինը Ռիո դե Ժանեյրոյում է՝ ամսական 119 եվրո (10,3 հազար ռուբլի): Ընդհանուր առմամբ ուսումնասիրությանը մասնակցել է 75 քաղաք: