Search
Close this search box.

Արցախի անկախության ճանաչումը և տարածքային ամբողջականության վերականգնումը գերակա խնդիրներ են. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը՝ Հակոբ Անդրեասյանի գլխավորությամբ, Հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում առկա մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր։

ԳՈՎԱԶԴ00:14Իմանալ ավելին
Ողջունելով ՌԱԿ պատվիրակության այցն Արցախ՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախը հայկական պահելու միակ ուղին միասնականությունն ու ողջ հայության ջանքերի միավորումն է: Այս համատեքստում Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է խթանել Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացումը՝ հիմնական ներուժն ու միջոցներն ուղղելով բնակարանաշինությանն ու արցախցիների համար հայրենի հողում ապրելու և արարելու հնարավորությունների ստեղծմանը։

Անդրադառնալով 2020 թվականի աշնանը տեղի ունեցած պատերազմին՝ նախագահը նշել է, որ այն մեծ փորձություն էր համայն հայության համար, սակայն ժամանակն է համազգային նոր նպատակներ դնելու և նոր հաջողությունների ու հաղթանակների կերտման ուղղությամբ աշխատելու։ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի անկախության ճանաչումը և տարածքային ամբողջականության վերականգնումը մնում են պետության առջև ծառացած գերակա խնդիրները։

Հակոբ Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ Ռամկավար ազատական կուսակցությունը մշտապես Արցախի կողքին է։ Կուսակցության ներկայացուցիչն ընդգծել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իրենց քաղաքական ուժը շարունակելու է իրականացնել աշխատանքներ՝ հանուն հայրենիքի զարգացման ու զորացման։