Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է անելանելի և ողբերգական վիճակում

«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է անելանելի և ողբերգական վիճակում, որի ստեղծած խորհրդարանական խմբակցությունը կործանվում է դեռ չձևավորված: «Հայաստան» դաշինքի ցուցակով խորհրդարան անցնող պատգամավորների մի մասը համոզված է, որ պետք է հրաժարվել մանդատները վերցնելուց, դրանով հասունացնելով սահմանադրական ճգնաժամ, իսկ ճնշող մեծամասնությունը կողմ է մանդատները վերցնելուն, համոզված, որ ընդդիմության կարգավիճակում կարելի է երկրում իրավիճակ փոխել:

Մանդատները չվերցնելու կողմնակիցները իրենց ընդդիմախոսներին անվանում են Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատողներ, սրանք հիմնականում ՀՅԴ քվոտայով ցուցակով հայտնվածներն են, ինչպես նաև Վահե Հակոբյանի թիմակիցները, որոնց կուսակցական հնարավոր չէ անվանել, զուտ այն պարզ պատճառով, որ Հակոբյանը և իր թիմը չունեն ոչ մի քաղաքական կամ գաղափարախոսական կողմնորոշում:

Մանդատից հրաժարվելու կողմնակիցների ֆորմալ լիդեր կարելի է համարել Քոչարյանի նախկին մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանին:

Քոչարյանը ևս բոյկոտի և մանդատները չվերցնելու կողմնակից է, բայց քանի որ մանդատ չվերցնելու կողմնակիցները ակնհայտ փոքրամասնության մեջ են, Քոչարյանը մտահոգություն ունի, որ կարող է կորցնել վերահսկողությունը խմբակցության նկատմամբ: Չի բացառվում, որ նույն նկատառումներից ելնելով Քոչարյանը ինքը ևս մանդատ վերցնի և ղեկավարի խմբակցությունը, քանի որ վախենում է, որ չունենալով խմբակցության անդամների վրա ազդեցության այլ լծակներ, շատ կարճ ժամանակահատվածում կարող է ընդհանրապես կորցնել կապը խմբակցության հետ և խմբակցությունը ընդհանրապես:

Դաշնակցականները արդեն իրենց պատկերացնում են պատգամավորի կարգավիճակում, որը նրանց միակ նպատակն ու երազանքն է: Որոշները արդեն սկսել են պայքարել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում տեղ ունենալու և եվրոպական մայրաքաղաքներում շոփինգ անելու կամ ռեստորաններում գարեջուր խմելու համար, իսկ վերադառնալով Հայաստան կսկսեն պատմել, թե ինչ ազգանպաստ ելույթներ են ունեցել և ինչպիսի հուժկու հակահարված են տվել ադրբեջանական պատվիրակությանը:

Այնպես որ, ոչ մի ուժ, անգամ Քոչարյանը չի կարող նրանց զրկել իրենց մանկության երազանքի իրականացումից: Ճիշտ է, շատ կարճ ժամանակում Քոչարյանի խմբակցությունը ոչնչով չի տարբերվի ԲՀԿ կամ ԼՀԿ ներկա խմբակցություններից, որտեղ կան և իշխանության նկատմամբ արմատական տրամադրվածներ և ավելի կառուցողական գծի կողմնակիցներ, բայց համընդհանուր վերաբերմունքը նրանց նկատմամբ կլինի այնպիսին, ինչպես այժմ հանրությունը վերաբերվում է Մարուքյանին կամ ասենք Միքայել Մելքումյանին, այսինքն ոչ մի ձև՝ լավագույն դեպքում, կամ արհամարհանքով ու զզվանքով:

Մանդատը չվերցնելու կողմնակիցները մի ճանապարհ ունեն՝ հրապարակայնացնել իրենց դիրքորոշումը և հայտարարել, որ իրենք իրենց մանդատները չվերցնելով դրանք զիջում են ՀՅԴ-ի մանդատապաշտ զանգվածին: Դրանով նրանք իհարկե մի փոքր վատ վիճակի մեջ կդնեն Արմեն Ռուստամյանատիպ կամ Արծվիկ Մինասյանատիպ զանգվածին, բայց դա շատ կարճ էֆեկտ կունենա: Դրա արդյունքը կլինի այն, որ նրանց թիվը Հայաստան խմբակցությունում էականորեն կավելանա, ձգտելով 100 տոկոսի: Բայց նրանց ինադու մանդատ վերցնելը ևս ելք չէ, որովհետև այդ դեպքում էլ նրանք ոչնչով չեն տարբերվի այդ զանգվածից:

Հենց այս իմաստով է, որ վիճակը ոչ միայն պատային է, այլ նաև ողբերգական: Բայց այս վիճակի ամբողջ պատասխանատուն հենց Ռոբերտ Քոչարյանն է, ով ի սկզբանե կարող էր հաշվել, թե ում հետ է գնում խորհրդարանական ընտրությունների, և ինչպիսի ցուցակ է ինքը գլխավորում: Թերևս միակ արդարացումը կարող է լինել այն, որ նա ի սկզբանե տրամադրված էր իշխանական և ոչ թե ընդդիմադիր խմբակցություն ստեղծել: Բայց հիմա այդ արդարացում-բացատրությունները որևէ մեկին չեն հետաքրքրում:

ArmLife.am