Search
Close this search box.

2018թ.-ին մոլորակի վրա երկրաշարժների թիվը կարող է ավելանալ

2018 թվականին երկրի վրա կարող է զգալիորեն մեծանալ ավերիչ երկրաշարժերի թիվը: Նման եզրակացության են եկել գիտնականները՝ պարզելով, որ Երկրի պտտվելու արագության փոփոխությունն ուժեղ սեյսմիկ ակտիվություն է առաջացնում, հայտնում է The Guardian-ը:

Բոուլդերի Կոլորադոյի համալսարանից երկրաֆիզիկոս Ռոջեր Բիլհամը և Միսուլայում Մոնտանայի համալսարրանից Ռեբեկա Բենդիքը ուսումնասիրել են 1900 թվականից ի վեր 7 մագնիտուդից բարձր երկրաշարժերի վիճակագրությունը: Դիտարկումները ցույց են տվել, որ երկրաշարժերն ավելի հաճախակի են տեղի ունենում, եթե իր առանցքի շուրջը երկրագնդի պտտվելու արագությունը փոքր-ինչ նվազում է:

Geophysical Research letters ամսագրում հրապարակված իրենց եզրակացությունները գիտնականները ներկայացրել են Ամերիկյան երկրաբանական հասարակության  ամենամյա համաժողովի ժամանակ:

XX դարում հայտնաբերվել է նման հինգ ժամանակահատված, երբ երկրաշարժերի թիվը զգալիորեն գերազանցել է միջին թիվը:

«Այդ ժամանակահատվածներում տարեկան 25-30 հզոր երկրաշարժ էր տեղի ունենում, մնացած ժամանակահատվածում՝ մոտ 15 խոշոր երկրաշարժ»,- ասել են գիտնականները: