Search
Close this search box.

Ապահովելով Բաքվի ներխուժումը ՀՀ տարածք, Մոսկվան վերջնագիր է ներկայացրել Երեւանին

«Միանշանակ է, որ ռուսական զորքերը կանգնելու են Խորհրդային ժամանակ գործող սահմաններով, ադրբեջանցիները դուրս են գալու ՀՀ ինքնիշխան տարածքից եւ խնդիրը կարգավորվելու է։ … Սահմանին կանգնելու են ռուսական սահմանապահ զորքերը, հետո տեղի են ունենալու սահմանազատում եւ սահմանագծում, հետո սահմանին կանգնելու են հայկական եւ ադրբեջանական սահմանապահ զորքերը։ Եթե մեզ չբավարարեն մեր ուժերը, այդ տեղերում կկանգնեն ռուսական զորքերը», Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Մայիսի 12-ին Բաքվի զորքերը ներխուժեցին ՀՀ տարածք Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը խոստովանեց, որ Հայաստանի տարածքում կա 1000 ադրբեջանցի զինվոր: Անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է, որ «առանձնահատուկ ոչ մի հատուկ բան տեղ չի ունենում», եւ որոշում է կայացվել սահմանին ռուսական ուժեր տեղակայելու մասին:

Հայկական կողմը «ըմբռնումով» արձագանքեց Ռուսաստանի կոչերին՝ չկրակել սահմանը խախտողների վրա և նրանց գերի չվերցնել: Այսինքն, չանել այն, ինչ նախատեսված է սահմանի խախտման դեպքում:

Ռուսական կողմը դրանից հետո վերջնագիր ներկայացրեց Հայաստանին` սահմանազատման և սահմանագծման մասին համաձայնագրերի ստորագրում:

Բաքվում ասում են, որ գործում են Ռուսաստանի հետ համատեղ: Խորհրդարանի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում իր Բաքվի գործընկերոջ հետ զրույցից հետո ասել է, որ, ըստ Սեյիդովի, Բաքուն պատրաստ է քննարկել հայ գերիներին վերադարձնելու հարցը, եթե «Հայաստանի իշխանությունները խաղաղության համաձայնագիր ստորագրեն և ճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը կներառի Լեռնային Ղարաբաղի տարածքների 75% -ը, որը գրավվել է 44-օրյա պատերազմի ընթացքում»։

Ընդ որում, Ալիեւն ասում է, որ Ղարաբաղի մասին խոսելն իմաստ չունի, քանի որ այլեւս չկա ղարաբաղյան խնդիրը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը հարց է տվել՝ եթե Ղարաբաղի հարցը լուծված է, ինչու՞ Ալիևը չի հանում զինվորական համազգեստը:

Ալիևն անընդհատ հայերին «զգուշացնում է» ռեւանշից՝ հասկանալով, որ Հայաստանն ունի ռեւանշի բոլոր իրավունքները: Ռուսաստանը ոչ միայն երաշխավորել է Բաքվին, ար բացառվելու է հայկական ռազմական բաղադրիչը, այլև խոչընդոտում է միջազգային ատյաններում Արցախի կարգավիճակի քննարկումը՝ նշելով, որ այդ հարցը պետք է հետաձգվի: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն ներկայացուցչի հետ քննարկել է փախստականներին և տեղահանվածներին «Ղարաբաղ և հարակից տարածքներ» վերադարձնելու հարցը: Ռուսաստանը փորձում է ապահովել էթնիկ թուրք «փախստականների» վերադարձը եւ թրքացնել Արցախը, որպեսզի հետագայում, հնարավոր հանրաքվեի դեպքում անակնկալներ չլինեն:

lragir.am