Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը բացում է խաղաքարտերը, պայքարը սրվում է

Lragir-ը գրում է.
Հայաստանում իշխանության համար պայքարը վճռորոշ փուլ է մտել, եւ հիմնական դերակատարները սկսում են բացել խաղաքարտերը:
Արդեն հայտնի են Գագիկ Ծառուկյանի «հաղթաթղթերը»: Խորհրդարանում նրա պատգամավորները հայտարարել են այն «ցավոտ» կետերի մասին, որոնց կարող են հարված հասցնել: Առաջինը կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունում ձեռքբերումների բացակայությունն է՝ սոցիալական վճարումները, աշխատատեղերը կրճատվում են, ներդրումներ չկան: Երկրորդը մենաշնորհներն են: Ծառուկյան դաշինքից պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասում է, որ «տնտեսության ճյուղերը, որոնք մեր երկրում մենաշնորհված են, այլ երկրներում ապահովում են բյուջեի 80%-ը: Դա թե վառելիքն է, թե սպիրտը, ալկոհոլը, ծխախոտը, հացահատիկը»:
Ամենագլխավորը, սակայն, գազն է: Ծառուկյան դաշինքի պատգամավորները բացահայտ հայտարարում են, որ ամենամեծ ստվերը գազային ոլորտում է գնագոյացման ժամանակ: Նրանք նաեւ հարց են տալիս, թե արդյոք արժեր Գազպրոմ Արմենիայի 20% բաժնեմասը վաճառել 300 միլիոն դոլարով:
Այս հարցը Կարեն Կարապետյանին ստիպել է բացել խաղաքարտերը: Պատասխանելով Տիգրան Ուրիխանյանի հարցին՝ վարչապետը կրքոտ ելույթ է ունեցել ի պաշտպանություն Գազպրոմի: Նախ նա ասել է, որ Գազպրոմի տնօրենը դիվիդենտները չի հանում Հայաստանից: Ավելին, ընկերությունը Հայաստանում 1 միլիարդ դոլար է ներդրել, գազաֆիկացման մակարդակը 18%-ից հասցրել է 96%-ի, կառուցել է Իրան-Հայաստան գազամուղը, կառուցել է ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, ստորգետնյա պահեստարանը 60 միլիոն խ/մ-ից մեծացրել է 150 միլիոն խ/մ-ի, ասել է Կարեն Կարապետյանը:
Կարեն Կարապետյանը Հայաստանի եւ Գազպրոմի շահերի վեճում բացել է իր «աքիլլեսյան գարշապարը»: Այժմ բոլոր գիտեն, որ Գազպրոմի շահերը Կարեն Կարապետյանի թույլ տեղն են, եւ եթե սեղմես այն, մյուս տեղերը կարող են անպաշտպան դառնալ:
Իր հերթին, կառավարությունը բացել է Գագիկ Ծառուկյանի «ցավոտ կետերը»՝ գրեթե բացահայտ մեղադրելով նրան հարկերից խուսափելու մեջ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհուրդ է տվել կառավարությանը քննադատողներին մտածել, թե իրենք ինչ են արել երկրի համար: Բաղդասարյանն ասել է, որ կոռուպցիայի մասին խոսում են նրանք, ովքեր ժամանակին պաշտոն են զբաղեցրել եւ կարող էին նպաստել կոռուպցայի կրճատմանը:

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը եւս բացել է խաղաքարտերը: Պատասխանելով հարցին, թե ինչու են իր որդիներին հարկային արտոնություններ տվել, Հարությունյանն ասել է՝ «իմ տղաները ներդում են անում, չանե՞ն էս երկրում ներդում»: Նա Հայաստանն «էս երկիր» է անվանում եւ խոստովանում, որ նույն հաջողությամբ կարող էին այլ երկրում ներդրում անել եւ միշտ պատրաստ են հեռանալ:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, չնայած անհարմար հարցերին, հայտարարել է, որ ծառայել է բանակում, սակայն պարզվել է, որ զորակոչի վերաբերյալ փաստաթղթերը ոչնչացվել են: Չնայած նշվել է, որ նա չի խախտել օրենքը, սակայն դա բացել է նախարարի «ցավոտ կետերը»:
Պակաս հատկանշական չէր Հերմինե Նաղդալյանի «մերկացումը»: Պարզվել է, որ Նաղդալյանը «փչացած հեռախոսի» պատճառով 2 միլիոն դրամ է ջուրը գցել: Չնայած իշխող կուսակցությունը եւ խորհրդարանի ղեկավարությունը նրան չեն ստիպել սեփական միջոցներից վճարել, սակայն չեն էլ խոչընդոտել այդ տեղեկատվության տարածմանը:
Սերժ Սարգսյանը եւս աստիճանաբար բացում է խաղաքարտերը: Նա հանդիպել է տեղացի գործարարներին ու կոչ արել ներդրում անել Հայաստանում՝ չսպասելով դրսից ներդրումներին: Նա այս մասին ասել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ Սամվել Կարապետյանի գլխավորած ներդրողների ակումբը 1 միլիարդ դոլար կներդնի, սակայն 10 տարում եւ միայն էլեկտրաէներգիայի ոլորտում: Սերժ Սարգսյանը նաեւ բացահայտ աջակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին՝ հայտարարելով, որ «Գագիկին խնդրել է նոր ճոպանուղի կառուցել եւ վերանորոգել Ծաղկաձորի ճանապարհները»:
Խաղադրույքներն արված են: