Search
Close this search box.

«Օրենքով գողի» են ձերբակալել. «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿ–ներում «զոն նայողներ» են եղել

Բացահայտվել են «օրենքով գողի» կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող, «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող տարբեր անձանց կողմից այդ խմբավորմանը մասնակցելու դեպքեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

2021թ. մայիսի 5-ին հարուցված քրեական գործով 2021թ. մայիսի 7-ին ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների կողմից կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը:
Քննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթներն իրականացրել են նույն հիմնարկում պահվող քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Ա.Ա.» մականվամբ և «Կ.Հ.» մականվամբ հայտնի «քրեական հեղինակություն» ունեցող անձինք։ Իսկ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այդ գործառույթները ստանձնել է «Պ.» մականվամբ հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը։

Նրանք քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն` տվել են հրահանգներ, ինչպես նաև կազմակերպել և իրականացրել են դրամական միջոցների հավաքագրում (այդ թվում՝ մոլախաղերի միջոցով), տնօրինել անօրինական ստացված օգուտը և կատարել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված այլ գործողություններ:

Ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից այսպես կոչված «զոն նայողի» կարգավիճակ ունեցող «Ն.Ն.» և «Վ.» մականուններով հայտնի անձանց տեղափոխելուց հետո՝ 2020թ. մարտ ամսից սկսած, «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթներն իրականացրել է նույն հիմնարկում պահվող «Կ.Հ.» մականվամբ հայտնի «քրեական հեղինակություն» ունեցող անձը։ Վերջինս այդ ընթացքում զբաղվել է դրամահավաքով՝ այդ մասին վարելով համապատասխան ցուցակներ և գումարային շարժի մասին «հաշվետվություն» ներկայացնելով «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձանց, իսկ հավաքված գումարները ծախսելով դատապարտյալների և կալանավորների ընդհանուր կարիքների համար, մասնաբաժին փոխանցելով նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց:

Մոսկվայում սպանել են ադրբեջանցի «օրենքով գողին». կադրերը հայտնվել են համացանցում

Միաժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Շ. Ժ.» մականվամբ հայտնի անձը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող, «քրեական հեղինակություն» ունեցող Ս.Ա.-ին նախ հանձնարարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից ընդունված վարքագծի կանոններին համապատասխան ծեծի ենթարկելով պատժել հիմնարկում պահվող կալանավորված անձին, իսկ այնուհետև իր հանձնարարությունը չկատարելու համար նախաձեռնել է իր հանձնարարությունը չկատարած հիշյալ այսպես կոչված «զոն նայողի» կարգավիճակ ունեցող անձին փոխարինելու գործընթաց։

Այդ նպատակով նա հանձնարարել է «Կ.Հ.» մականվամբ հայտնի անձին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երրորդ մասնաշենքում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահ­մանված ու ճանաչված վարքագծի կանոններով առաջնորդվող, «իրենց խոսքը պահող նորմալ մարդ» գտնել:

Այդ հանձնարարության կատարմանը «Կ.Հ.» մականվամբ հայտնի անձը ներգրավել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 6-րդ մասնաշենքի «զոն նայող» Ա.Բ.-ին, որը երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պ.» մականվամբ անձի թեկնածությունը, որը ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթները և 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի և այլնի տեսքով «դրսից բերված գրեֆներ» է բաժանել քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց, նույն մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց հանձնարարել է անկարգություններ իրականացնել:

Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ և համարժեք բոլոր գործողությունները խմբավորման մասնակիցների և դրան ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: