Search
Close this search box.

Բանակում չծառայած, բայց բանակից մեդալ ստացած ՀՀԿ-ական մեդալակիրները

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի Ազգային ժողովում առաջին ընթերցման ժամանակ, ի թիվս ամենի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմանք հայտնեց, թե ինչ խղճով է ՊՆ պատվոգիր ստացել ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը զորամասում մեկ օր անգամ չծառայելու պարագայում։

«Հասկանում եմ, պարոն Միրզոյան, դուք ձեզ մեծ գիտնական եք համարում, 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, շնորհավորում եմ, բայց զարմանում եմ, թե դուք ի՞նչ խղճով եք ստացել ՊՆ պատվոգիր՝ մի օր զորամասում չծառայելուց հետո, ձեր ո՞ր արածի համար ԶՈՒ-ի և բանակի, որ հիմա էլ ինչ-որ մեկին այս ամբիոնից մեղադրում եք դիսկոմֆորտի մեջ»,- ասել է նախարարը։

Մեկ օր անց պատգամավորը արձագանքեց և տեղեկացրեց, թե իր որ արածի համար է ստացել ՊՆ պատվոգիր։

«Ես բոլորովին չէի ցանկանա, բայց ստիպված եմ հանրության համար ասել, որ ես, ի թիվս Քաղաքացիական պայմանագիր կուսակցության այլ ներկայացուցիչների, ՊՆ նախարարությունից պատվոգիր եմ ստացել, որովհետև որպես կամավոր մեկնել եմ ապրիլի 2-ից հետո առաջնագիծ»,- ասել է պատգամավորը։

scannews.am կայքի խմբագրությունը որոշեց պարզել՝ կա՞ն արդյոք «զորամասում մեկ օր անգամ չծառայած», սակայն Պաշտպանության նախարարության պատվոգիր, կամ մեդալ ստացած պաշտոնյաներ։

Վիգեն Սարգսյանին հասցեագրված մեր հարցմանն ի պատասխան ստացած գրությամբ տեղեկացանք, որ իշխանությունում էլ կան պատվոգրերով և մեդալներով պարգևատրված, սակայն չծառայած գործիչներ։ Ընդ որում, զինվորական ծառայություն չանցած «մեդալակիր» պատգամավորներ կան միմիայն Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցությունում:

Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար – «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալ։

Արա Բաբլոյան, ԱԺ նախագահ, ՀՀԿ խմբակցություն – «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալ։

Էդուարդ Շարմազանով, ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խմբակցություն – 2006 թվականին պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով, իսկ 2008 թվականին «Անդրանիկ Օզանյան» մեդալով։

Արմեն Աշոտյան, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցություն – 2006թ․ «Գարեգին Նժդեհ» մեդալ, 2011թ․ «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալ, 2015թ «Մարշալ Բաղրամյան» մեդալ։ Պարգևատրվել է նաև ոստիկանության կողմից։

Տարոն Մարգարյան, Երևանի քաղաքապետ, ՀՀԿ անդամ – 2008 թվականին պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով, 2011թ․ «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալ, նույն տարում ստացել է «Անդրանիկ Օզանյան» մեդալը։ Մեդալներ և պատվոգրեր է ստացել նաև ոստիկանությունից։

Սամվել Ֆարմանյան, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցություն – «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալ։

Խոսրով Հարությունյան, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցություն – «Մարշալ Բաղրամյան» մեդալ։

Գագիկ Մինասյան, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցություն – «Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալներ։

Սամվել Նիկոյան, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցություն – «Անդրանիկ Օզանյան» և «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալներ։

Գալուստ Սահակյան, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցություն – «Վազգեն Սարգսյան» և «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալներ։

Կորյուն Նահապետյան, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցություն – 2013 թվականին ստացել է «Վազգեն Սարգսյան» մեդալը։

Նշենք, որ վերոնշյալ մեդալներով պարգևատրվում են. բանակաշինության, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության և «ռազմահայրենասիրական» դաստիարակության բնագավառում զգալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները: