Search
Close this search box.

Ալիևը և Էրդողանը հեռախոսով քննարկել են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են երկու երկրների համատեղ քայլերը՝ վերջին գործընթացների ֆոնին:

Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները դատապարտել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ։

Նշելով, որ այս որոշումը սխալ է, Ալիևը այն «պատմական սխալ» է որակել: Նա ասել է, որ Ադրբեջանն անընդունելի է համարում այս հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:

Նշենք, որ վերջին օրերին ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, նշում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: