Search
Close this search box.

Դանակի սուր հարված ես զգում, երբ նրանց շիրիմներին կարդում ես ծննդյան տարեթվերը՝ 2000, 2001, 2002 ․ Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյան՝ Եռաբլուրում

Ֆրանսիայի Արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը Հայաստանում իրեն ուղեկցող պատվիրակության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին պետքարտուղարն ասաց հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Որոշեցի ինձ ուղեկցող պատվիրակության հետ իմ խոնարհման տուրքը մատուցել «Եռաբլուր»- ում, որտեղ հանգչում են նահատակները, նրանց թվում՝ Շանթ Նավոյանը՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանող, որը նահատակվեց 44-օրյա պատերազմի ընթացքում»,- ասաց Լըմուանը:

ԱԳ պետքարտուղարը նշեց, որ այնտեղ հուղարկավորված են Ֆրանսիական համալսարանի ևս 10 ուսանողներ, որոնց նկարների առջև ինքն արդեն հարգանքի տուրք մատուցել էր, սակայն որոշել էր անձամբ այցելել նրանց շիրիմներին:

«Նրանք երիտասարդ էին և ներկայացնում էին Հայաստանի ապագան և խորտակվեցին բուն թռիչքի ժամանակ: Դանակի սուր հարված ես զգում, երբ նրանց շիրիմների վրա տեսնում ես նրանց ծննդյան տարեթվերը՝ 2000, 2001, 2002 թվականներ, շատ ծանր է, հավատացնում եմ ձեզ»,- նշեց Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարը: