Search
Close this search box.

Պարզվել է, թե ով է երեկ Կիլիկիա թաղամասում հնչած կրակոցներից տուժած քաղաքացին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սամվել Միքայելյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ ապրիլի 10-ին, Կիլիկիա թաղամասի Վերֆելի փողոցում հնչած կրակոցների փաստով: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժանմունքի քրեական հետախուզության բաժանմունքի ծայռայողներն ու Մալաթիայի քննչական բաժնի խումբը պարզել են՝ վիրավորը Երևանի բնակիչ, 33-ամյա Իշխան Աբրահամյանն է:

Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Մալաթիայի բաժնի քննչական բաժնի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ծառայողները տաք հետքերով պարզել են, որ Ի. Աբրահամյանի վրա կրակել է Երևանի բնակիչ, 29-ամյա երիտասարդը: Նախաքննության շահերից ելնելով՝ նրա ինքնությունը չենք հրապարակում:

Ոստիկանութունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Ի. Աբրահամյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 10-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կիլիկիա թաղամասում կրակոցներ են հնչել

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում գտնվող առևտրի սրահի մոտ հայտնաբերել էին արնանման հետքեր, ինքնաձիգից կրակված պարկուճներ, իսկ խանութի ներսում կրակված գնդակ: