Search
Close this search box.

«Երազումս պապայի բարձն այրվում էր…». Հրետակոծության տեղատարափի տակ բժիշկը փրկեց բազմաթիվ կյանքեր ու միացավ անպարտների սպիտակ երամին

Վահրամ Գևորգի Կարապետյանը ծնվել է 1975թ. Երևանում:

Հավելենք նաև, որ Վահրամ Կարապետյանը գրող-հրապարակախոս Գևորգ Կարապետյանի որդին էր և հուշարձանագետ, հայ ժողովրդի նվիրյալ Սամվել Կարապետյանի կրտսեր եղբայրը։ Կարապետյանները հիրավի հայ ազգի նվիրյալ զավակներ էին։

Վահրամը մասնագիտությամբ՝ բժիշկ-ատամնաբույժ էր, ինչպես նաև «Աթենաս»: բարեգործական հիմնադրամի նախաձեռնողն էր, հոգաբարձուների խորհրդի անդամ։ Իր անմիջական մասնակցությամբ հիմնադրամն անվճար ատամնաբուժական ծառայություններ էր մատուցում սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Նախաձեռնությունը մեծ թափ էր հավաքել և շուտով ընդգրկելու էր նաև նորանոր սահմանամերձ համայքներ, սակայն պատերազմն ընդհատեց բոլոր նպատակները։ Հոկտեմբերի 22-ին Վահրամը զորակոչվեց հայրենիքի պաշտպանությանը: Սակայն հավատարիմ մնալով բժշկի վեհ կոչմանը՝ ձեռնամուխ եղավ մարտադաշտից վիրավոր զինակիցներին դուրս բերելու և առաջին բուժօգնություն ցուցաբերելու գործին:

Վահրամը վերջին անգամ կնոջ՝ Մարինայի հետ կապ էր հաստատել նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը։ Նա երկար զրուցել էր կնոջ հետ, ասել էր, թե իբր իրենց մոտ վիճակը շատ հանգիստ է, հեռվից է հեռևում մարտական գործողություններին և շուտով պառկելու է քնելու։ Վերջում ավելացրել էր. «Տղերքիս լավ կպահես, իրանց կասես պինդ մնան»:Այնուհետև խոստացել էր վերադառնալ ողջ առողջ։ Սա եղավ Վահրամի և Մարինայի ամուսնական կյանքում անկատար մնացած միակ խոստումը։ Լուսաբացին, երբ արդեն Վահրամն ընկել էր մարտի դաշտում, կնոջն արթնացրեց Վահրամի 7-ամյա որդին՝ Դավիթը։ Նա մորն ասաց, որ վատ երազ է տեսել. «Երազումս պապայի բարձն այրվում էր»: Մարինան հանգստացրեց որդուն՝ հավատացնելով որ ընդամենը երազ է, սակայն կորցրեց սեփական հանգստությունը։

Մի քանի օր շարունակ հրետակոծության տեղատարափի տակ բժիշկը փրկել էր կյանքեր, սակայն հերթական անգամ մարտի դաշտում թշնամին նշանառության տակ էր վերցրել նրանց շտապօգնության մեքենան:
Շուրջ 40 օր ընտանիքի անդամները և ընկերները փնտրեցին Վահրամին՝ հուսալով գտնել ողջ։ Սակայն դեկտեմբերի 11-ին ստացան բոթը՝ Վահրամը միացել էր անպարտների սպիտակ երամին հենց նոյեմբերի 4-ին։

Վահրամ Կարապետյանն ամուսնացած էր, երկու զավակների օրինակելի հայր։
Վահրամն իր ընտանիքի, ընկերների, հիվանդների և առհասարակ բոլոր ծանոթների սրտում կմնա որպես կենսուրախ, բարի, կարեկցող, սրտացավ ընկեր։ Հավերժ փառք և հիշատակ քեզ, սիրելի բժիշկ։